Էդ Սաշիկի տղու թիկնապահը գործին չի՞ խոչընդոտում. կինը պահանջում է ազատ արձակել ամուսնուն, այլապես կխայտառակի կառավարությանը դեսպանատների դիմաց (տեսանյութ)
Երեք անչափահասի մայր Նունե Խաչատրյանն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնողների թվում էր: Նա պահանջում էր արդարություն իր ամուսնու համար: Վերջինիս՝ Արսեն Խաչատրյանին սույն թվականի հուլիսի 6-ին կալանավորել են, իսկ իրեն անչափահաս երեխայի հետ տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին ու, իր իսկ խոսքով, ոչ մարդկային վերաբերմունք ցուցաբերել իր նկատմամբ:
Ինչ վերաբերում է ամուսնուն, ապա նա կասկածվում է խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի իրացման մեջ:
«Պարսիկներն ապօրինի թմրանյութ են Հայաստան անցկացնում: Ինչ է թե ամուսինս ճանաչում է պարսիկներից մեկին, առնչություն ունեն, քննիչը ներքին համոզմունք է ձևավորում, որ թմրանյութը բերված ա ամուսնուս համար»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ներկայացրեց Խաչատրյանը:
Առնչությունն իրանցիների հետ կինը բացատրում է այն հանգամանքով, որ ամուսինն օժանդակել է իրանցուն տեղավորվել Հայաստանում, քանի որ վերջինս Հայաստանում տեղանքին ծանոթ չէ:
Կինը պատմում է, որ իրանցուց, ով գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ, ցուցմունք են կորզել, որ թմրանյութը բերվել է Խաչատրյանի համար, հաջորդ օրը, սակայն, նա փոխել է ցուցմունքը:
Արդեն շուրջ 5 ամիս է՝ Նունե Խաչատրյանի ամուսինը կալանքի տակ է, իսկ երեխաներին օրահաց է անհրաժեշտ, ինքն էլ վարձով է ապրում: Հիմա ամուսինն առողջական խնդիրներ ունի: Ոչ մի փաստ, ըստ կնոջ, հաշվի չի առնվում: Առաջարկել են գոնե խափանման միջոցը փոխել՝ գրավ կիրառել, սակայն դատարանը մերժել է:
«Երբ որ Սաշիկի տղայի թիկնապահի մեքենայի մեջ 7 կիլոգրամ թմրանյութերը, զենքերը հայտնաբերեցին, գրավով բաց թողեցին, նրանն էլ էր ծանր հանցագործություն: Նշանակում ա՝ նոր Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի եղել, նույն բանը, ինչ կա, մնում ա: 5-րդ ամիսն ա՝ քննիչը՝ Ռաֆիկ Խաչատրյանը, չի կարողանում բավարար հիմքեր հայտնաբերել: Ասում են՝ գործին կխոչընդոտի: Ո՞նց ա գործին խոչընդոտելու ձեռնափայտով մարդը: Էդ Սաշիկի տղու թիկնապահը գործին չի՞ խոչընդոտում: Թե՞ պետք ա ամուսնուս նմանները մնան այնտեղ էնքան, մինչև էդ տղայի բերած թմրանյութերը իրացվեն, նո՞ր բաց թողեն»:
Եթե հարցին լուծում չտրվի, կինը պատրաստվում է ծանրահեղ քայլերի դիմել. «Եթե հանկարծ իմ հարցին լուծում չտրվի, մեր դեսպանատների դիմաց ես խայտառակելու եմ մեր կառավարությանը: Պատրաստվում եմ գնալ ծանրահեղ քայլերի՝ երեք անչափահաս երեխաներիս հետ նստեմ դեսպանատների դիմաց, անգամ անցնեմ հացադուլի»: