Օրվա կադրը․ Մարմաշենում դեռ սովետական կարգեր են (լուսանկար)
Հայաստանում մշակութային խնդիրները շատ են։ Դրանք տարիներով, տասնամյակներով ու դարերով կուտակված խնդիրներ են, որոնց լուծման համար պետք է ահռելի ժամանակ։ Սա հասկանում են բոլոր այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ հասկանում են մշակույթից։ Սրա հետ մեկտեղ պետք է նշել, որ երբեմն մենք քննադատում ենք Վրաստանի ու Թուրքիայի իշխանություններին, քանի որ այդ երկրների տարածքներում գտնվող հայկական եկեղեցիները կա՛մ քանդվում են, կա՛մ ծառայում որպես անասնագոմ, կա՛մ էլ ուղղակի անտերության են մատնված։ Տպավորություն է, որ այդ հարցի մասին բարձրաձայնողները չգիտեն, որ նմանատիպ եկեղեցիներ կան Հայաստանում։ Բավական է այցելել Հայաստանի հեռավոր գյուղերը ու միանշանակ այնտեղ կլինեն քանդված, քանդվող, կիսաքանդ, անասնագոմ դարձած եկեղեցիներ։
Այդպիսի եկեղեցիներից է Շիրակի մարզում գտնվող Մարմաշեն եկեղեցին։ Այս կոթողն իր մեծությամբ ու ճարտարապետական հանճարեղ լուծումներով բացառիկ եկեղեցի է Հայաստանի տարածքում։ Սակայն այն քանդվում է մեր աչքի առաջ։ Սա հարցի մյուս կողմն է, սակայն հարցն ունի ևս մեկ ցավոտ կողմ։
Պարզվում է, որ այս տարածքում դեռ սովետական կարգեր են։ Բավական է գալ Մարմաշեն, ու եկեղեցու ճակատային պատին մեծ ցուցանակն է, որի վրա գրված է․ «ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդ պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչություն»։
Ստացվում է, որ արդեն 27 տարի Մարմաշեն չի այցելել Մշակույթի նախարարության հետ կապ ունեցող որևէ գործիչ։ Մոտ 27 տարի Մարմաշեն չի այցելել պետական ոչ մի պաշտոնյա, հակառակ դեպքում այնտեղից կհեռացվեր սովետական կարգերն ապացուցող ցուցանակը։ Կամ միգուցե այցելող եղել է, սակայն ուշադրություն չեն դարձրել։ Իսկ մենք ավելի շատ հակված ենք հավատալու առաջին տարբերակին, քանի որ քանդվող եկեղեցին գոնե կլիներ ուշադրության կենտրոնում։
Իսկ այսկերպ մեր աչքի առաջ քանդվում է ճարտարապետական հանճարեղ մի կառույց, փոխարենը կառուցվում են մեկը մյուսից անճոռնի ու խայտառակ ճարտարապետական կառույցներ։ Մենք սիրում ենք քանդել կամ անտերության մատնել հինը, և կառուցել ու ուշադրության կենտրոնում պահել նորը, որն էլ իր հերթինն դասական խայտառակություն է։