Ես ժողովրդի ցասումն եմ բավարարել, պետք լինի` էլի կանեմ. ես նոր իշխանություն չեմ տեսնում. Պավել Մանուկյան
Արմատական փոփոխությունների հրամայականը գնալով մեծանում է: Այսօր այս մասին Եռաբլուր պանթեոնում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը:
Նրա դիտարկմամբ՝ պետք է բացահայտվի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուն, ու մինչև այս հարցը չլուծվի, ըստ նրա, ոչինչ չի փոխվի:
«Ամեն մարդ խուսափում է իր բաժին աղբը դուրս բերել, դրա համար էլ ոչ մի բան չեն կարողանում բացահայտել, չեն կարողանում փչացած խնձորը միջից մաքրել»,- նկատեց Պավլիկ Մանուկյանը՝ հավելելով, որ անգամ այսօր էլ փորձ չի արվում այդ խնձորը ներսից մաքրել:
«Մեր ձայնը գրեթե հասավ «Աստծո գահին», բայց այն, ինչ այսօր տեսնում եմ՝ նույնիսկ մոտ չէ փչացած խնձորը մաքրելու ցանկությանը»,- նկատեց ազատամարտիկը:
Ըստ նրա՝ դրա պատճառը մեկն է՝ խուսափում ենք պատասխանատվությունից ու վախենում:
«Գեղեցիկ խոսքերով խաբելով ապրելն ավելի հեշտ է, քան ծանր բեռն իր վրա վերցնելը: Ժողովուրդն, իրոք, ազնվության, սիրո, նվիրումի կարիք ունի»,- նկատեց Մանուկյանը:
Հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք նա Հոկտեմբերի 27-ի բացահայտումը նոր իշխանության օրոք, Պավլիկ Մանուկյանը պատասխանեց.
«Ճիշտն ասած՝ ես նոր իշխանություն չեմ տեսնում, եթե դուք տեսնում եք՝ ձեր գործն է: Ասում են՝ վերջ կեղծիքին, բայց իմ ընկերները դեռ բանտում են»:
Լրագրողների դիտարկմքնը, թե համաներում է լինելու, Պավել Մանուկյանն արձագանքեց.
«Բայց ես ի՞նչ եմ արել, որ համաներման արժանանամ: Ես ժողովրդի ցասումն եմ բավարարել: Երբ էլ պետք լինի, մեռած էլ լինեմ, էլի բավարարելու եմ: Ինչի՞ նման է, որ կենդանի լեգենդը բերել ենք, ամբաստանյալի կարգավիճակով հողին ենք հանձնել: Միթե մեր հերոսները սրան են արժանի: Ես ո՞նց ասեմ արդարություն, ոնց ասեմ՝ ոչ կեղծիքին»,-հայտարարեց նա: