«Թատերական Լոռի» փառատոնի փակման հանդիսությունը մեկնարկեց Ազնավուրին նվիրված հարգանքի տուրքով (լուսանկարներ)
Ավարտվեց «Թատերական Լոռի» 24-րդ փառատոնը, որի փակման հանդիսությունը տեղի ունեցավ Ալավերդիում:
Մինչ բուն միջոցառման մեկնարկը՝ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին էստրադայի մեծագույն վարպետ, ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակը:
«Թատերական Լոռի» ամենամյա փառատոնը Հայաստանի ամենահին փառատոնն է և միշտ շարունակում է իր կյանքը: Այն հիմնադրվել է 1979 թ-ին, և շուրջ 40 տարի Լոռի է հրավիրել Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների 400-ից ավելի թատերախմբեր:
Այս տարի փառատոնին մասնակցել է 24 թատերախումբ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից և Ճապոնիայից: Թատերախմբերը հանդես են եկել 27 բազմաբնույթ թատերական բեմադրություններով:
Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան և Սպիտակ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում և 4 գյուղական համանքում մասնակից թատերախմբերն ընդհանուր առմամբ բեմականացրել են մոտ 45 ներկայացում՝ փառատոնը վերածելով իրական թատերատոնի:
Փառատոնի շրջանակում արդեն երրորդ անգամ անցկացվում է նաև «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին այս տարի մասնակցեց 7 ռուսական թատրոն ու թատերախումբ՝ ռուսալեզու ներկայացումներով: Նրանք մարզի տարբեր բնակավայրերում հանդես եկան12 ներկայացումով:
Նկատենք նաև, որ այս տարի «Թատերական Լոռի» փառատոնը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: