Կրակ չդարձած՝ կրակի մեջ
Կառավարության սեպտեմբերի 20-ի նիստը տարբերվեց մինչ այս կայացած նիստերից, քանի որ սա հեղափոխությունից ի վեր գործադիրի այն նիստերից մեկն էր, որի ավարտից հետո վարչապետը ստիպված եղավ առերեսվել իրականության հետ։
Արծվաշենցիները երեկ կառավարության շենքի դիմաց կատարեցին այն, ինչը կատարում էր վարչապետն իր առաջ դրած խնդիրը՝ իշխանափոխությունն իրականացնելու համար։
Թեև արծվաշենցիները երեկ իրենց նպատակին չհասան, սակայն կառավարության շենքի դիմաց ոստիկաններին բախվելով՝ ցույց տվեցին՝ երկրում էյֆորիան անցնում է, և մարդիկ վերադառնում են ռեալ իրականություն, իսկ արծվաշենցիների ռեալ իրականությունը լի է խնդիրներով, որոնց համար էլ վարչապետից լուծում էին պահանջում։
Իհարկե, Փաշինյանը կառավարության 2-րդ հարկից նայելիս հասկացել էր, որ մարդկանց համբերության բաժակը լցվել է, ինչը կարող է բերել պայթյունի, ուստի շտապեց ձեռքերը վեր բարձրացրած ցած իջնել՝ թավշյա կարգախոսը հիշեցնելով բորբոքված բողոքավորներին։
Վարչապետն իջավ, և հայտնի չէ, թե ինչու, քանի որ, ըստ էության, չկարողացավ լուծում տալ կամ անգամ լուծման եզրեր առաջարկել մարդկանց խնդիրների համար։ Այս մասին անգամ ինքն ակնարկեց՝ քաղաքացիների համար շեշտելով, որ կրակ էլ դառնա՝ չի կարող խնդիրները լուծել։
Վարչապետն իր այս արտահայտությամբ փաստեց, որ մենակ է պետական կառավարման համակարգում, քանի որ այս ողջ ընթացքում էլ չկարողացավ կադրեր աճեցնել։
Փաշինյանն իր անկարողությունը ստիպված խոստովանեց՝ փորձելով մեղմել քաղաքացիների դժգոհությունը, քանի որ նրանց քվեների խիստ կարիքն ունի։
Հայտնի չէ, սակայն, արդյոք Փաշինյանը նույն կերպ կվարվի՞՝ Հայկ Մարությանին քաղաքապետ կարգելուց հետո, թե այն ժամանակ արդեն ակնհայտ ձևով «թավշյայից» կանցնի «մեր դեմ խաղ չկա»-ին։
Կառավարության շենքի դիմաց երեկվա կատարվածը փաստեց, որ չկան պետական մտածողությամբ առաջնորդվող կադրեր, որոնք կարող են արդյունավետորեն խնդիր լուծել, ավելին՝ ստացվել է մի պատկեր, որ պետական կառավարման ամենակարևոր պոստերը զբաղեցրած ՔՊ-ականներն ավելի շատ խնդիրներ են առաջացնում։
Ու հենց այստեղ է, որ բախվում ես դաժան իրականությանը՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ այս պաշտոնյաների անհասությունն ուղղակի ճակատագրական կարող է լինել երկրի համար, իսկ որ պակաս կարևոր չէ, այդ անհասներն ի վիճակի չեն լինելու նաև թերացումների համար պատասխանատվություն կրել։
Այնպես որ՝ կամաց-կամաց ջրի երես դուրս եկող իրականությունը գալիս է փաստելու՝ վարչապետը տեղով մեկ կրակ չդարձած՝ արդեն իսկ կրակի մեջ է։