Սրճարաններից եկել, նախարար են դարձել․ Բերբերյանը վստահ է՝ գյուղտնտեսության ճիշտ կառավարման դեպքում տարին միշտ էլ բարենպաստ է
Մի կողմից ջրային տնտեսության անգործությունն ու իրենց գործից անտեղյակ մարդկանց աշխատանքը, մյուս կողմից էլ՝ դատարկ ջրամբարներն ու ՀԷԿ-երի անորակ աշխատանքը նպաստեցին նրան, որ բերք չլինի ու շուկայում գնաճ գրանցվի։ Այսպես է պատճառաբանում թանկացումները «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։ Նրա դիտարկմամբ, սխալ է այս ֆոնին մեղքը բարդել երաշտի վրա։
Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է․
«Չէր կարող երաշտ լինել․ կարող էր բերքի պակաս լինել, կարող էին դաշտերը չոր լինել, բայց դա երաշտի հետևանք չէ՝ դա ժամանակին չջրելու և չմշակելու հետևանք է․․․ Բայց ամենազավեշտալին այն է, որ գյուղատնտեսության նախարարը հայտարարում է, թե ռեկորդային տարի է․ 7000 հա-ով ցանկատարածք է պակասել»,-ասում է Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով, երբ նախարարը հայտարարում է, թե ինքն ընդամենը 100 օր է պաշտոնավարում և բերքի հասունացման հետ կապված խնդիրներն իր մեղքով չեն, ուրեմն նա մասնագետ չէ, քանի որ շատ կուլտուրաներ հասունանում են 65-100 օրում։
«Վարչապետը հարցնում է՝ ո՞նց է վիճակը, տղանե՛ր, ու նրան խաբում են, ասում են՝ ամեն ինչ լավ է, շե՛ֆ։ Գնաց-տեսավ, որ խաբում են։ Այսինքն՝ խաբելու կուլտուրան դեռ շարունակվում է․․․ Էդ մարդիկ էդպիսին են՝ սրճարաններից, բանից եկել են իշխանության, ոչ մի արտադրության փորձ չունեն»,-ասում է Բերբերյանը։
Նրա գնահատմամբ, լավ ցանկության դեպքում, 80 %-ով կբարելավվի գյուղատնտեսության վիճակը։ Բայց առայժմ նա ցանկություն չի տեսնում։
«Էսօրվա մեր նախարարը, որ Շիրակի մարզպետն էր, չգիտե՞ր, որ 1500 խորանարդ մետրով են ջուրը գանձում, իհա՛րկե գիտեր, էդ ի՞նչ խղճով է գյուղացու մասին մտածում»,-ընդգծում է Բերբերյանը։
Նրա գնահատմամբ, եթե նորմալ ջուր լինի, լավ մասնագետներ լինեն ու լավ կառավարում, ապա տարին միշտ էլ բարենպաստ կլինի գյուղատնտեսության համար։