Կառավարության որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին ևս 5 տարի կտրամադրվի գրասենյակ և գույք
Կառավարությունը 5 տարով երկարաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու՝ 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը:
Որոշման նախագծում ասված է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 576-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 766-Ա որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, ինչպես նաև 3-րդ կետի 2-րդ ենթակետում «10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «15 տարի ժամկետով» բառերով»:
«Հայաստանի Հարապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման հիմքով, «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 13.08.2008թ.-ին կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր: Նշված տարածքը և 17 586 280 ՀՀ դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 13.08.2018թ. ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Միաժամանակ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը («Պետական գույքի կառավարման կոմիտե») հատկացվել է 2000,0 հազ. դրամ:
Կոմիտեն տարածքի վարձատու «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերել վերոնշյալ տարածքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարով և նույն պայմաններով երկարաձգելու մասին նախնական համաձայնություն:
Ուստի, ի կատարումն ՀՀ վարչապետի 11.06.2018թ. թիվ 02/23.9/9530-18 և 21.06.2018թ. թիվ 02/23.9/11264-18 հանձնարարականների, անհրաժեշտություն է առաջացել մշակելու և շրջանառության մեջ դնելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: