Ընտրությունների ժամանակ դիտորդների ու լրագրողների թիվը չի սահմանափակվի
Լրատվամիջոցների քանակի վերաբերյալ սահմանափակումը հակասահմանադրական էր:
Այդ մասին դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների ներկայացուցիչների և լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը:
Դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվն առաջիկա ընտրություններում տեղամասային հանձնաժողովներում սահմանափակ չի լինի:
«Տեղամասային հանձնաժողովներին նախկինում իրավունք էր տրված սահմանափակել դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը: Մենք որոշեցինք այդ սահմանափակումը վերացնել: Դիտորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընտրատեղամասից հեռացնելու ինստիտուտը դեռևս պահպանվում է: Այդուհանդերձ, լինելու են փոփոխություններ»,-ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ այդ փոփոխությունների անհրաժեշտությունն իսկապես կա:
Իոաննիսյանը նաև նկատում է, որ նախկինում բավականին անհստակություններ կային: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում էր, որ դիտորդի հեռացման համար կազմվում է գրավոր իրավական ակտ: Իոաննիսյանի խոսքով` այժմ այդ բոլոր հարցերն ամրագրվելու են օրենսգրքում, որպեսզի լինի նաև բողոքարկելու հնարավորություն: