Իմ պատկերացումներն այլ են, ձեր սպասելիքները՝ այլ. վարչապետի այցից հետո Կապանի քաղաքապետը հրաժարական տվեց
Սյունիքի մարզ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից ժամեր անց հրաժարական է տվել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:
Երեկ Կապանում վարչապետի հետ հանդիպմանը տեղացիները սուլոցներով էին դիմավորել ՀՀԿ-ական քաղաքապետին:
«Դուք ՀՀԿ-ի դրածոն եք», «Ձեր ռեժիմը անցյալում է», հրապարակից վանկարկում էին կապանցիները:
Նշենք, որ այսօր ավագանու նիստ էր հրավիրվել՝ հրաժարականի դիմումն ընդունելու համար, սակայն նիստը չի կայացել, որովհետեւ որոշ մարդիկ բոյկոտել են. փակել են դուռն ու դահլիճ մուտք գործել չի հաջողվել:
Նշենք, որր իր հրաժարականի մասին արդեն հայտարարություն է տարածել պաշտոնաթող քաղաքապետը․
«Հարգելի՛ կապանցիներ
Ես վաղաժամկետ վայր եմ դնում իմ լիազորությունները՝ հրաժարական եմ տալիս Կապան համայնքի ղեկավարի պաշտոնից:
Այս որոշման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ ու խոր պատճառներ, այդուհանդերձ, չմանրամասնելով դրանք, հակիրճ ձևակերպեմ. իմ անելիքների ու պարտականությունների, ՏԻՄ լիազորությունների սահմանում համայնքի ղեկավարին տրված հնարավորությունների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին՝ իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, այսօր մեր համայնքի բնակիչների ակնկալիքները, սպասումներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ...
Բարի կառավարում համայնքի հաջորդ ղեկավարին՝ ի շահ իմ սիրելի Կապանի, սրտացավություն, հանդուրժողականություն ու սեր և հարգանք հարազատ համայնքի հանդեպ՝ իմ համաքաղաքացիներին…»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտ Հայրապետյանը: