Պաշտոնանկությունների «դոմինոյի էֆեկտը» կհասնի Միհրան Պողոսյանի հովանավորյալին (ֆոտո)
NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի փողոցների խնդրին։
Խոսքը, մասնավորապես, Ծարավ աղբյուր փողոցի մասին է, որը տարիներ շարունակ վերանորոգման խնդիր ունի։ Թբիլիսյան խճուղուց վեր բարձրացող այս փողոցից ժամանակին չի հեռացվում աղբը, դիտահորերից հաճախ կարելի է տեսնել հոսող կեղտաջրեր, իսկ փողոցն էլ ամբողջությամբ քարուքանդ է եղել։
Նախորդ թաղապետերի պաշտոնավարման ընթացքում երբեք այս փողոցը չի բարեկարգվել։ Երբեմն ամենախոր փոսերը լցվել են խճաքարերով, և գործն այսքանով սահմանափակվել է։
Երբ նախորդ անգամ մենք անդրադարձանք Ծարավ աղբյուրի խնդրին, թաղապետարանից փորձեցին հերքել փաստը՝ պարզաբանելով, թե իբր փողոցը նորմալ վիճակում է, սակայն փաստերն այլ բան են հուշում։
2-3 շաբաթ առաջ փողոցում սկսեցին փողոցը քանդելու աշխատանքներ կատարել՝ ասֆալտապատման համար, սակայն փոսերն այդպես էլ չլցվեցին։ Դրանք ավելի են դժվարացնում երթևեկությունը, իսկ անձրևների ժամանակ փողոցը դառնում է անանցանելի։ Թե երբ վերջապես թաղապետարանը ձեռնամուխ կլինի աշխատանքների վերսկսմանը, առայժմ դժվար է ասել, քանի որ կենդանության նշույլ չեն ցույց տալիս։
Հարկ է նկատել, որ 2017 թ. հոկտեմբերի 2-ից թաղապետի պաշտոնն ստանձնած Արթուր Ստեփանյանը, ով հայտնի է «Չախկալ Արթուր» մանկանվամբ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «թագադրվել» է Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի միջնորդությամբ ու նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ։ Չի բացառվում, որ աշխատանքներն սկսած թաղապետը, զրկվելով իր հովանավորներից, այնքան էլ հույս չունի, թե կմնա իր պաշտոնում և չի շտապում փողեր ծախսել ասֆալտապատման համար։
Այս պահին չենք փորձի նորից անդրադառնալ Արթուր Ստեփանյանի՝ ՀՀԿ հրահանգով «կոճակ սեղմող» պատգամավորից մինչև թաղապետ անցած ճանապարհին, պարզապես հարկ է նկատել, որ անտեղի սեղմած կոճակներն ու իր անգործությունն այսօր կարող են աշխատել իր իսկ դեմ՝ նա «զսպանակի էֆեկտով» կթռչի աթոռից, կամ «դոմինոյի էֆեկտով» կտապալվի: