Միջազգային չվերթների ծառայությունների սակագներն աճել են
Մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ: Նշված ժամանակահատվածում բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 0.4%-ով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 2.3%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 5.3% հավելաճով):
Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների սակագների 1.6% նվազում, իսկ կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կապի, կրթության, սպասարկման ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.5% հավելաճ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը աճել է 0.2%-ով: