Արցախում վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախում մայիսի 13-ին վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը:
«Զինվորը վիրավորումը ստացել է որովայնի շրջանում, մայիսի 13-ի գիշերը, ինչից հետո տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Վիճակը կայունանալուց հետո տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ: Այժմ վերակենդանացման բաժանմունքում է, միացված է արհեստական շնչառական սարքին: Այս պահին կրկին վիրահատության կարիք չկա: Հիվանդի հեմոդինամիկան կայուն է: Նա ստանում է անհրաժեշտ բուժում»,-ասաց Հովհաննիսյանը:
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13-ին վիրավորում ստացած 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը Երևան էր տեղափոխվել մայիսի 15-ին:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն: