«Նկարը պատից կախելը հին ավանդույթ է, դա ինչո՞ւ պետք է ինձ դուր գա». Սերժ Սարգսյանը՝ իր նկարները հանելու մասին
Վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերով կազմակերպված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև իր նկարը հանելու հետ կապված հարցին: Նշենք, որ մի շարք ընկերություններում ու կառույցներում, այդ թվում նաև «Սինոփսիս» ընկերությունում, հանել են Սերժ Սարգսյանի բոլոր նկարները:
Վարչապետը մասնավորապես նշել է, որ տրամաբանություն չի տեսնում իր նկարը պատից կախելու մեջ, և պարտադրանք էլ չկա, որ իր նկարը փակցվի:
«Ես իմ նկարը պատից կախված կամ չկախված լինելու մեջ խնդիր չեմ տեսնում: Չէ՛, որն է տրամաբանությունը, կամ էդ ինչի՞ պետք է ես հաճույք ստանամ, որ մտնեմ ինչ-որ մի հաստատություն ու տեսնեմ իմ նկարը պատից կախված, դրանից ի՞նչ է փոխվելու: Ինչո՞ւ պետք է ես դրանից ինձ լավ, կամ վատ զգամ: Ինչո՞ւ պետք է դա դուր գա»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ նկար կախելը հին ավանդույթ է, որը պետք է փոխել:
Նկատենք, որ մինչ տարբեր ընկերություններում Սարգսյանի նկարների հանման գործընթացը, խորհրդարանում նա ինքն էր հայտարարել, որ նկարների քաղաքականությունը վաղուց արդեն անցյալում է: