Ոստիկանությունն արել է այն, ինչ պարտավոր է եղել. ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Ինչպես NEWSPRESS.am-ն արդեն տեղեկացրել է, «Մերժիր Սերժին» նախաձեռնության մասնակիցներն այսօր փակել են Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը. նրանք վրան են տեղադրել Մաշտոցի պողոտայում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ՝ երթևեկելի հատվածում:
Ոստիկանները պահանջել են ազատել տարածքն ու բացել երթեւեկությունը, ակցիայի մասնակիցները դիմադրել են: Բանը հասել է քաշքշուկի: Ոստիկանությունը մի խումբ ակտիվիստների վրա բռնի ուժ է կիրառել, հետո այդ ամենի մասին նաեւ հայտարարություն տարածել: Ոստիկանության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Մոտ 10 քաղաքացիներ 30 րոպեից ավելի հավաք են անցկացրել Երևանի Մաշտոցի պողոտայի և Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքի երթևեկելի գոտում՝ փակելով հետիոտնային անցումը: Հավաքի մասնակիցների գործողություններով էապես խորչընդոտվել են երթևեկության մասնակիցների իրավունքները, մասնավորապես՝ սահմա-նափակած է եղել տրանսպորտային միջոցների շարժը:
ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից պահանջել է դադարեցնել այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակումները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հավաքի մասնակցի պարտականությունները:
Հավաքի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, ուստի, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, կայացվել է հավաքը դադարեցնելու մասին որոշում: Դրանից հետո հավաքի մասնակիցները հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա, ոստիկանության մարմին չեն բերվել:
ՀՀ ոստիկանությունն անձանց հավաքի անցկացման վայրից հեռացնելու գործողությունն իրականացրել է կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3–րդ կետով նախատեսված իր պարտականությունը, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն»: