Ախալցխայի միակ հայկական դպրոցի տնօրենը պրոպագանդում է չհիշել Հայոց ցեղասպանությունը
Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն ահազանգում են․ դպրոցում լարված մթնոլորտ է։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ դպրոցի տնօրեն նշանակվեց ռուսերենի մասնագետ Սուսաննա Ակոպովան։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ նորանշանակ տնօրենը Վրաստանի հատուկ ծառայությունների Ախալցխայի բաժնի նախկին սպայի՝ Արամ Պողոսովի կինն է, ում շնորհիվ էլ զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։
Իհարկե, ոչ ոք նրա պաշտոնավարմանը դեմ չէր լինի, եթե տնօրենը, չգիտես ինչ նկատառումներով, դպրոցում հակահայկական տրամադրություն չստեղծեր։
Նա առաջին գործով սկսել է «հետապնդել» հայերենի մասնագետ Աստղիկ Պետրոսյանին, ով օտար երկրում հայերենի լավագույն մասնագետներից է։ Տնօրենն այն աստիճան է սրել վիճակը, որ ուսուցչուհին հայտնվել է հիվանդանոցում։ Նա ապաքինման փուլում է, բայց չի բացառվում, որ Սուսաննա Ակոպովայի կամայականության շնորհիվ պատմությունը կրկնվի։
Բայց սա նորանշանակ տնօրենի միակ անխոհեմ քայլ չէ, որ ուղղված է «հայկական»-ի դեմ։
Նա հրավիրել է ժողով և դպրոցի մոտ 60 աշխատակիցների հորդորել, որ աշակերտների շրջանում պրոպագանդեն հակահայկական տրամադրություն։ Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ Ակոպովնան ուզում է, որ երեխաները մոռանան Ցեղասպանության մասին իրենց իմացած տեղեկությունները։
Նա ասել է, թե երեխաները կամաց-կամաց պետք է մոռանան Հայոց ցեղասպանության թեման, քանի որ այն տեղի ունեցել 1 դար առաջ, իսկ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը կարիք չկա հիշելու․ «Թող երեխաները դուրս գան այդ տխուր թեմայից, չհիշեն, որ Ցեղասպանություն է եղել»,-ասել է նա։
Տնօրենի հայտարարությունը, բնականաբար, դուր չի եկել դպրոցի ուսուցիչներին, բայց նրանք աշխատանքից չզրկվելու պատճառով ստիպված չեն կարողացել հակաճառել տնօրենին։
Այս ֆոնի վրա կարծիք է ձևավորվել, որ Ակոպովան այս պաշտոնում նշանակվել է հատուկ առաջադրանքով՝ ստեղծել անտանելի իրավիճակ, որից ուսուցիչներն իրենք կհրաժարվեն։ Ասել է թե՝ իրենց դիմումի համաձայն հրաժեշտ կտան դպրոցին, և հայկական դպրոցը կփակվի։
Սա թերևս ողջամիտ տեսակետ է, քանի որ Վրաստանում միշտ էլ հակահայկական տրամադրություն եղել է, և այստեղ ավելի շատ գերադասում են կապերը չխզել հարևան մյուս երկրների՝ մասնավորապես Թուրքիայի հետ, քան Հայաստանի։
Ու չի բացառվում, որ այս անգամ էլ հատուկ ծառայությունների նախկին սպան նոր հանձնարարություն է ստացել, գուցև նրան դրա դիմաց նոր պաշտոն են խոստացել, և նա դպրոց է գործուղել սեփական տիկնոջը։
Ասել, թե պետք է մոռանալ Ցեղասպանությունը, քանի որ այն 100 տարի առաջ է եղել, պարզապես զառանցանք է։ Հատկապես այն դեպքում, երբ ամբողջ աշխարհն արդեն կամաց-կամաց խոսում է Հայոց ցեղասպանությունից՝ հիշում է ու պահանջում, և Հայաստանն այսօր փաստացի պահանջատեր է։
Այս տրամաբանությունից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Ակոպովան դպրոցում պատահական չի հայտնվել, ուստի նրան հարկավոր է «վնասազերծել»։