Արագաչափին ասում եմ սաշիկաչափ․․․ որ ժողովրդից քամած փողերը գրպանը չլցնեին՝ սիրտս չէր ճաքի. Նիկոլայ Ծատուրյան (վիդեո)
Ընդդիմության ծրագիրը մեկն է՝ կերաք, հերիք է, թո՛ղեք մենք էլ նստեք-ուտենք։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում, խոսելով քաղաքական դաշտում տեղի ունեցող անցուդարձից, իր տեսակետը հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։
Նրա որակմամբ՝ քանի դեռ ուտելու, «լափելու» գաղափարը կա, ոչինչ մեր երկրում չի ստացվի։ Նա այս իրավիճակը փորձում է գյումրեցու հումորով ներկայացնել։
«Գյումրեցին ասում է՝ Հայաստանն աշխարհի ամենաանկախ երկիրն է։ Հարցնում են՝ էդ ո՞նց, ասում է՝ ուրիշ ոչ մի երկիր մեզնից կախված չէ․․․ (ծիծաղում է - հեղ.) էս է մեր երկիրը՝ էշի պես ապրում ենք»,- ասում է Ծատուրյանը։
«Ասում են՝ աղքատ ենք, աղքատ ենք․․․․ ա՛յ մարդ, էս մեր լավ պուզատի ձյաձյաներն ավելի շատ փող ունեն, քան Հայաստանի տարվա բյուջեն, էլ ի՞նչ եք ուզում»,- ասում է Ծատուրյանն ու բերում Չինաստանի օրինակը։ Պատմում է, թե ինչպես է կադրեր տեսել, որտեղ չինացի կաշառք վերցրած նախարարին մահապատժի են ենթարկել։ Սինգապուրն էլ, նրա խոսքով, «քոսոտ» երկիր էր, բայց էսօր գնալով աճում է։
«Օրենքներ ունեն, որից բոլորն են դժգոհում, բայց ենթարկվում են, ու էդ օրենքներով են երկիրը երկիր դարձրել։ Մեզ մոտ էլ ունենք օրենքներ՝ արագաչափ, ես անունը դրել եմ սաշիկաչափ, կարմիր գծեր․․․ ինչի՞, որ ժողովրդի փողերը քամեն ո՛չ թե բյուջեի մեջ, գոնե, որ բյուջեի մեջ լիներ, սիրտս չէր ճաքի, այլ իրենց գրպանի մեջ են լցնում։ Լավ, ինչքա՞ն կարելի է լափել: Ազնիվ խոսք, ես դա չեմ հասկանում․․ երեխեքիդ ապահովել ես, թոռներիդ ապահովել ես․․․ հերիք չէ՞, ա՛յ մարդ, ինչքա՞ն կարելի է, լափել, լափել, լափել․․․ երևի դրա մասին բեմադրություն դնեմ (ժպտում է․-հեղ․)»։
Ռեժիսորը բերում է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրինակը՝ գիժ էր, ինչ էր, եկավ, մաքրեց։
-Մեզ սաակաշվիլինե՞ր են պետք։
-Հա՛ էլի, երևի տենց աննորմալ է պետք։
-Կարծում եք՝ միայն «աննորմալնե՞րը» կարող են հանել երկիրն այս վիճակից։
-Հա, իհարկե, դա էլ է պետք․․․․ էն աննորմալների մասին չեմ ասում, որ գալիս են, գեղեցիկ բառեր ասում՝ «դրամի ինդեքսացիայի պարագայում կարող ենք ապահովել․․․»: Ախր ի՞նչ ես ասում, արա՛․ մարդավարի ասա, հասկանանք․․․։
Նիկոլայ Ծատուրյանը ժողովրդավարության օրինակ է առաջարկում նախագահին։
«Ա՛յ մարդ, Սերժ Սարգսյանը չի կարողանում ժողովրդի հետ շփվել, թող մի քանի տեղ էկրաններ կախի ու մարդավարի խոսի ժողովրդի հետ՝ էկրանից։ Ասի՝ ժողովո՛ւրդ ջան, դժվար ա, գիտեմ, բայց պետք է դիմանաք․ ծախսեր են՝ ռազմական․․․․ էս՛, է՛ն․․․ այսինքն՝ մի հատ մարդավարի բացատրի, մի հատ էլ ներողություն խնդրի, ա՜յ, է՛ն ժամանակ ժողովուրդը կսկսեր ինչ-որ չափով հարգել, թե չէ․․․ »։
Նա հիշեց Վարդան Պետրոսյանին՝ կարողացան բռնել, վթարի ենթարկվեց, բռնեցին։
«Արի ստեղ, դո՞ւ էիր մեր դեմ խոսացողը․․․ Մարդն ազատվեց ու փախավ Ֆրանսիա․․ ըհը․․»,- ասում է նա ու հավելում․ «երևի սենց արդեն սովորել ենք՝ լավ ա էլի, ապրում ենք էլի․․․ սենց չենք ապրում, մեզ ցնցում ա պետք, թե մի հատ դուրս են գալիս (բռունցքը վերև է բարձրացնում - հեղ․), մի հատ գոռում, նորից գնում տուն, նորից դուրս գալիս, գոռում, խփում ու ի՞նչ․․․»։
Ռեժիսորը ցավով է ներկայացնում այն, ինչ ունենք այսօր և երազում է ազգի համար լավ ապագայի ու կյանքի համար։ (Խոր շունչ է քաշում-հեղ․) «Ես ուզում եմ, որ մարդիկ ամեն ինչի ծափ չտան, ես ուզում եմ, որ ստեղծվի չափանիշ, որը գնալով բարձրանա, այլ ոչ թե հավասարվի պլինտուսին․․․»։