Ինչո՞ւ Եղիշե Չարենցը որոշեց բացել իր կնոջ գերեզմանը
«Արփիկի մահից հետո անցել էր վեց ամիս։ Չարենցը գնացել էր քարհանքերն ու մի շաբաթ այնտեղ մնալուց հետո մի հսկայական քար էր փոխադրում սայլով՝ Արփենիկի մահարձանի համար։ Ճանապարհին սայլը շուռ էր եկել ու Չարենցի ոտքը վնասել։ Մեծ դժվարություններով նա քարը հասցրել էր գերեզմանատուն (ներկայիս Կոմիտասի անվան հանգստի պարկը), որտեղ և մշակման էր ենթարկվում՝ համաձայն Չարենցի ցանկությամբ կազմված նախագծի։
Չարենցը խնդրեց ինձ իր հետ գնալ գերեզմանատուն՝ Արփիկի գերեզմանը տեղափոխելու համար․ նրան թաղել էին մի նեղ տեղ, ուր քար դնելու և ցանկապատ քաշելու հնարավորություն չկար։
Մեր ներկայությամբ սկսեցին փորել գերեզմանը։ Փորողը նիհար ու բարձրահասակ կին էր, հողագույն դեմքով գերեզմանատան պահակը:
Չարենցը կարգադրեց բանալ դագաղը։ Ես արգելեցի, սակայն նա կտրուկ պահանջեց իրենը։
Պահակը բարձրացրեց կափարիչն ու դրեց մի կողմ։
Խե՜ղճ Արփիկ․․․․ինչպես էր փոխվել․․․․
Չարենցը լուռ նայում էր, կարծես ուզում էր ըմբռնել, թե ի՞նչ եղավ Արփիկը։
-Տես, ի՜նչ է դառել,-ասաց Չարենցը վշտացած ու զարմացած։
Կափարիչը ծածկեցին։ Վերոհիշյալ կինը գրկեց դագաղն ու փոխադրեց նոր փոսը»։
Միքայել Մազմանյանի հուշերից