Զառա Մանուչարյանը կտավների մեսիջը՝ վերականգնել սրբազան եկեղեցիները
Բացվել է Զառա Մանուչարյանի «Հիերոտոպիա» (սակրալ տարածք) խորհագրով կոնցեպտուալ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նկարչուհու միստիկ շարքի աբստրակտ կտավները:
Զառա Մանուչարյանը իր կտավների միջոցով ներկայացրել էր երեք հայկական եկեղեցիների՝ Անիի Մայր տաճարը, Սանահինը և Զվարթնոցը` ավանգարդ ոճում: Գծերի, գույների, պատկերների միջոցով նկարաչուհին արտահայտել է հայկական ինքնությունը, սակայն ոչ դասական, ավանդական միջոցներով:
Կտավներում եկեղեցիների հատակագծերն են, ներդաշնակված հայկական հոգևոր կյանքին. այս ձևով է Զ. Մանուչարյանը փորձել արտահայտել եկեղեցիների վերականգնման հարցը, որը նաև ներքին մեսիջ է:
Նա կտավներում ստեղծել է իր սակրալ տարածքը՝ եկեղեցիների հատակագծերն ու սիմվոլները համատեղել Մատյան Ողբերգության տողերին, բացի այդ, նկարչուհին յուրաքանչյուր կտավում քննում է իր հոգևոր ինքնությունը, հայկական ինքնությունը:
Նկարչուհին նշում է, որ ինչքան հետազոտել է նկարչության պատմությունը, սակրալ թեմատիկայով գործեր չի արվել Հայաստանում, երևի թե առաջին անգամ ինքն է անդրադարձել, սակայն արտերկրում սակրալ թեմայի շուրջ հետաքրքրությունը մեծ է:
«Զվարթնոցը, Անիի Մայր տաճարը, Սանահինը՝ ինձ հոգեհարազատ են: Որտեղ զգացել եմ ինչ-որ էներգետիկ դաշտ, այդ եկեղեցիներն էլ օգտագործել եմ կտավներում: Հետո մտածեցի ստեղծել սակրալ տարածք, որտեղ բոլոր կտավները միմյանց հետ համահունչ են և ներդաշնակ»,- ասաց նա:
Զառա Մանուչարյանը ցուցահանդեսներ է ունեցել Պլովդիվում և Սոֆիայում, իսկ այժմ նաև Հայաստանում: