Պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը

Սահմանադրությունը ոչ այլ ինչ է, քան համազգային համաձայնություն պետության եւ ազգային սոցիումի վարվելակերպի խաղի կանոնների մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Ով չի հարգում Սահմանադրությունը և խախտում է այն, նա չի հարգում համազգային այդ համաձայնության որևէ մասնակցին, նա չի հարգում մերձավորին, հարևանին, սովորական մարդկանց, ոչ սովորական մարդկանց, սեփական ազգին և պետությանը: Եթե կուզեք` չի հարգում անգամ ինքն իրեն:
Երբ նման բան անում է պետության ղեկավարը, իմացիր, որ գործ ունես` քեզ համար, քո պետության համար, քո ազգի համար ամենամեծ վնասարարի և թշնամու հետ: Հիրավի` ազգակործան պատուհասի հետ, քանի որ պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը:
Սահմանադրության տոնը այն ժամանակ ենք նշելու տոնին վայել ուրախությամբ և քաղցրությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին»: