ՔՊ-ի սիրելի գործարար Արման Հակոբջանյանը Սևանի ափին տուն է կառուցել, ինչո՞ւ այդ տան հետևից չեք գնում. Թովմասյան (տեսանյութ)

Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության ներկայացմանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ բնության հատուկ պահպանվող տարածքը չի կարող կառուցապատվել, քանի որ արգելում է Հողային օրենսգիրքը։
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ ներկայացնում է իրավիճակ՝ նույն Գեղարքունիքի մարզ, Շորժա համայնք, Դրախտիկ գյուղ վարչական շրջան, «Սևան ազգային պարկի» կողմից պահպանվող ափամերձ տարածք։
«2019 թվականին կառուցվել է առանձնատուն, «Կապավոր» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից։ Արման Հակոբջանյանի լուսանկարը վերջին անգամ տեսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շենքում 2021 թվականի ընտրությունների օրը։ Դուք նույն հետևողականությամբ ինչո՞ւ այս հարցին չեք տալիս քրեաիրավական գնահատական, երբ այս մասին մի քանի անգամ բարձրաձայն խոսել եմ, նաև հաղորդումներ են եղել այդ մասին։ Երևի դուք չեք ստացել sms, և չկա քաղաքական նպատակահարմարություն ՔՊ սիրելի գործարարին պատժելու, հիմա եկել ու ասում եք՝ Արծվիկ Մինասյանը տարածքը չի քանդել։ Բա սա ո՞վ պետք է քանդի։ Այդ ժամանակ բնապահպանության նախարարը Էրիկ Գրիգորյանն էր, մարզպետը՝ Գնել Սանոսյանը, ամբողջական պատասխանատվությունը կրում է «Քաղաքացիական պայմանագիրը»,- ասաց Թովմասյանը։