Քաղաքացուց «փող քերելու» նոր նախագիծ

․ «Հրապարակ»-ը գրում է․
Հասմիկ Աղաջանյանն արդեն մի քանի անգամ կտրվել է վարորդական իրավունքի գործնական քննությունից` «եզդա»-ից», եւ ահազանգում է, որ ոչ թե կտրվել է, այլ կտրել են` միտումնավոր: Ասում է՝ բյուջեն փող լցնելու խնդիր են դրել, մարդ կա՝ արդեն 5-րդ անգամ է քննություն տալիս, քննությունն անցկացնող ոստիկանները դիտավորյալ այնքան են ձգում, մինչեւ թերացում գտնեն։
«Ամեն անգամ 13 հազար 400 դրամ վճարում ես քննության մտնելիս ու կորցնում գումարը։ Ստացվում է՝ քննություն հանձնողը ոչ մի պաշտպանվելու միջոց չունի, բողոք էլ գրի, մեկ է` մերժված է գալիս պատասխանը, ընթացակարգ չկա, երաշխիքներ չկան, որ բողոքես՝ արդյունք կլինի։ Հստակ ժամ չկա, որ իմանաս, օրինակ, 10 րոպե պիտի տեւի քննությունը, ձգում են այնքան, մինչեւ թերացումներ կամ սխալներ գտնեն»,-ասաց նա։ Մի հինգ տարի առաջ առավելագույնը երկրորդ անգամից վարորդական իրավունքի գործնական քննությունը ստանում էիր, հիմա փաստացի քաղաքացիները դարձել են «տուգանքի մատերիալ»։ Սակայն սա դեռ ամենը չէ։
ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ 45.000-30.000 ՀՀ դրամ վճարելով՝ քաղաքացիները հնարավորություն կստանան արտահերթ մասնակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ գործնական քննություններին։ «Հանրային պահանջարկով պայմանավորված՝ առաջարկվում է նախատեսել վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 45.000-30.000 ՀՀ դրամի սահմաններում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Որոշման նախագիծը կառավարության նիստում հաստատվել է։ Նիստին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասել է` երբ անձը բացասական գնահատական է ստանում թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից, ամենասեղմ ժամկետում հաջորդ հնարավորությունը մեկ շաբաթ անց վերահանձնումն է։ «Բայց ունենում ենք բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ, որ իրավիճակից ելնելով՝ պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել, եւ դրա դիմաց ոչ թե 7 օր անց վերահանձնել քննությունը, այլ՝ պայմանական` հաջորդ օրը կամ 3-4 օր հետո։ Դրա համար առաջարկում ենք հավելյալ վճարով հաջորդ օրը քննություն հանձնել՝ 45 հազար դրամ վճարելով, իսկ եթե երկրորդ կամ երրորդ օրն է, այս դեպքում էքստրավճարի տրամաբանությամբ` 30 հազար դրամ վճարելով, ավելի սեղմ ժամկետում կհանձնի քննությունը»,- նշել է նա։
Հասմիկ Աղաջանյանի խոսքով՝ տպավորություն է, որ ներքին հրահանգ կա՝ միտումնավոր կտրել քննությունից, որ մարդիկ ստիպված լինեն 45 հազար դրամ վճարել եւ արագ վերահանձնել քննությունը։
«Սա օրինականացված կաշառքի է նման, ես իրենց ասել եմ՝ հայտարարեք, որ վաճառվում է վարորդական վկայական 13 հազար 400+ 45 հազար դրամով։ Տեսուչը դարձել է քաղաքացուց փող պոկելու գործիք։ Ես նամակ եմ գրել նախարարություն, պահանջել եմ անվավեր ճանաչել իմ քննության արդյունքը, նշանակել նոր ժամ, հստակ տեւողությամբ, չնայած վստահ եմ՝ մերժում կլինի»,- ասաց քաղաքացին։
Այժմ վարորդական վկայականի քննություն հանձնելու համար անասելի հերթեր են գրեթե բոլոր ՄՌՈՒ-ներում։ Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ՆԳՆ-ն արտահերթ քննության համար օր «վաճառելու»։ Ստացվում է՝ հերթերն արհեստական են, նպատակը մեկն է` քաղաքացուց «փող քերելը»։