Հափշտակության մեջ մեղադրվող պաշտոնյան մեկ ստորագրությամբ անցել է «վաստակած հանգստի»

««Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը կասկածվում է 41 դրվագով 30 մլն դրամի վստահված գույքը հափշտակելու մեջ։
ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ 2020թ. մարտի 15-ից մինչև 2022թ. հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում, ընկերության տնօրենի ժ/պ-ն, ըստ նախնական հաշվարկների, պետությանը պատճառել է 30 մլն դրամի նյութական վնաս՝ անօրինական գնումներ կատարելով ու պարգևավճարներ տալով:
NEWSPRESS.am-ը փորձել է պարզել՝ ինչ փուլում է նախաքննությունը և ինչ խափանման միջոց է ընտրվել տնօրենի նկատմամբ։
ՀՀ Քննչական կոմիտեից արձագանքել են, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ նախկին տնօրենի՝ Գևորգ Ավետիսյանի կողմից, իր պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 2019թ․-ի հունիսի 10-ից մինչև 2022թ-ի մայիսի 4-ը, իրեն վստահված անձնական խոշոր չափերով՝ 3,063․856 ՀՀ դրամ հափշտակելու առերևույթ հանցանք կատարելու համար, վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան կետով և որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
ՀՀ քննչական կոմիտեում, Գևորգ Ավետիսյանի կողմից իրեն վստահված գույքը հափշտակելու վերաբերյալ, այլ քրեական վարույթներ չկան։
Հարկ է նկատել, որ Գևորգ Ավետիսյանի ձերբակալությունը որքան աղմուկ-աղաղակով կազմակերպվեց, նույնքան հանգիստ ու անաղմուկ էլ փակվեց-գնաց։ Թերևս այսպես կարելի է բացատրել որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը, քանի որ դա բավականին մեղմ պատիժ է՝ պետությանը նշված վնասները պատճառած պաշտոնյայի համար։
NEWSPRESS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` նրա համար քննչականում որոշ պաշտոնյաներ են բարեխոսել։ Թե կոնկրետ ովքեր՝ անուններ չենք նշում, ակնհայտ է միայն, որ նրանք այնքան ազդեցիկ են եղել, որ իր դիրքը չարաշահելու միջոցով պետությանը կլորիկ գումարի վնաս պատճառելու հարցը մեկ ստորագրությամբ փակվել-գնացել է։
Ու երբ պաշտոնյան մեղադրվում է հափշտակության մեջ ու ստորագրությամբ անցնում «վաստակած հանգստի»․ կոռուպցիայի դեմ պայքարելու կոչերը դառնում են սին լոզունգներ՝ կախված օդից։
Արմինե Մկրտումյան