Հայաստանից և ԱՊՀ մյուս երկրներից Ռուսաստան բեռների առաքման ժամկետները երկարացել են

Վերջերս ԱՊՀ երկրներից, բացառությամբ Բելառուսի, ապրանքների առաքման ժամկետները կտրուկ աճել են՝ այդ երկրներում մաքսային ստուգումների ավելացման պատճառով։ Այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ն։
Հոդվածում նշվում է, որ մաքսային վերահսկողությունը խստացվել է Հայաստանում, Վրաստանում և Ղրղզստանում։ Իր հերթին, Ղազախստանում բեռների ստուգումների պատճառով, Ռուսաստան ապրանքների առաքման ընդհանուր ժամկետը ավելացել է մինչև 12 օր։
Ինչպես պարզաբանել է «Իմպայա Ռուս»-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Ռազումովսկին, մաքսային ծառայողների ամենամեծ ուշադրությունը գրավում են տեխնոլոգիական արտադրանքները։
«Սերվերների և հաշվողական ենթակառուցվածքների պակասի պայմաններում նման ապրանքները կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ Հետևաբար, դրանք հատուկ հսկողության տակ են»,-բացատրել է նա։