Մինչև ամառային սեզոնի ավարտը լինելու են կրկնակի ստուգումներ. հանդիպում՝ պաղպաղակ արտադրողների հետ

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանի պաղպաղակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները քննարկելու այդ ոլորտում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը խոսել է սանիտարահիգիենիկ նորմերն ամենայն խստությամբ պահելու անհրաժեշտության մասին: Նա անդրադարձել է հատկապես կաթնայուղի փոխարինիչով պատրաստվող պաղպաղակներում դրա քանակի սահմանված նորմերից գերազանցմանը՝ շեշտելով, որ մինչև ամառային սեզոնի ավարտը լինելու են կրկնակի ստուգումներ և հորդորել է արտադրություններում պահպանել պատշաճ՝ օրենսդրությամբ սահմանված, պայմաններն ու ցուցումները:
Տնտեսվարողները, ընդունելով վերահսկիչի դիտողությունները, խնդրեցին այսուհետ հրապարակումները կազմակերպությունների մասին անել առանձին՝ չմիավորելով մեկ հաղորդագրության մեջ, ինչը որոշակի անորոշություն է առաջացնում հասարակության մեջ: Առաջարկն ընդունվել է, և այսուհետ ցանկացած ոլորտի կազմակերպությունների մասին հրապարակումները կլինեն առանձնացված»,- ասված է հաղորդագրությունում: