Երևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին. ահազանգ

Երևանի կաղնիները վտանգված են։ Ահազանգում է Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Սա արդեն համատարած վարակ է։ Քայլեք քաղաքով՝ կտեսնեք նույն պատկերը՝ կիսաչոր տերևներով, վարակված, դեղնած կաղնիներ։ Բուսաբանական այգի, Կենդանաբանական այգի, Սարյան փողոց, Բաղրամյան, Իսակովի պողոտա… բոլոր ուղղություններով հիվանդ կաղնիներ են։
Չկա ոչ պետական արձագանք, ոչ մասնագիտական միջամտություն, չորրորդ տարին է բարձրաձայնում եմ։
Չկա վարակների ախտորոշում, բուժման ծրագիր, կենսաբազմազանության պաշտպանություն։
Երևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին, որը պահպանում է օդի մաքրությունը, խոնավությունը, հողը, ստեղծում ահռելի ստվերային ծածկ։
Եվ հիմա, ինչպես եղավ թեղիների դեպքում, թերևս որոշելու են «վերացնել», «փոխարինել»՝ փոխանակ բուժելու։
Հիշե՛ք՝ թեղիների հետ նույնը եղավ. 30 տարի ապրեցին թեղու տերևակերի վարակով, թուլացան, խեղճացան, բայց բուժվեցին և այսօտվա պատկերը նույնիսկ եզրեր չունի հնի հետ, ծառերը վերականգնվեցին, քանզի 2020-ից ներդրեցինք զանգվածային բուժումներ ամբողջ Երևանով։
Բայց հետո եկավ նորարար ու գիտահեն աշխատող «փորձագիտական» թիմը ու որոշեցին հատել հարյուրավոր ծառեր։
Մենք հիմա պարտավոր ենք բարձրաձայնել՝
Կաղնիները պետք է փրկել։ Չի կարելի թողնել, որ հիվանդությունով արդարացնեն հատումները, դա սխալ ճանապարհ է»,-գրել է նա։