Պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին

Երեկ՝ հունիսի 20-ին Թուրքիայում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումը:
Մինչ Փաշինյանը Թուրքիայում իր գործընկեր Էրդողանին «հավատարամություն» էր հայտնում ու ցուցաբերում պատրաստակամություն՝ հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը շարունակելու հարցում, Հայաստանում անհանգստության մթնոլորտ էր տիրում:
2 երկրի ղեկավարների հանդիպումից մի քանի ժամ առաջ ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին գրեթե բոլոր պետական կառույցների մոտ: Կառավարական ամառանոցը շրջապատված էր մեծաթիվ ոստիկանական ուժերով:
Թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս հանդիպումից այն դեպքում, երբ Փաշինյանը խոնարհված ու ժպիտը դեմքին ողջունում է Էրդողանին և այցելում մզկիթ, NEWSPRESS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ քաղաքագետ Թևան Պողոսյանից:
«Այս հանդիպումից ակնկալիք ունենալ չարժե, քանի որ նա հանդիպման է գնացել մեկի մոտ, ով մեր դարավոր թշնամին է»,- մեզ հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը և հավելեց. «Թուրքիան բաց տեքստով նշել է, թե ինչ է ձեզնից պահանջում։ Լավրովն էլ ասել է՝ «Զանգեզուրի միջանցք»։ Նրանք հերթական անգամ ցույց տվեցին, որ պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու։ Եթե չեմ սխալվում՝ հենց իրենք են ասել, որ մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ»։
Նրա խոսքով՝ Թուրքիան իր պահանջները դրել է, ու կապ չունի դրանից առաջ ինչ ես արել՝ մարդ ես ձերբակալել, թե եկեղեցու դեմ ես դուրս եկել։
Քաղաքագետը հիշեցրեց Փաշինյանի` Թուրքիա մեկնելուց մեկ օր առաջ կատարված իրադարձությունները, երբ Ալիևը Թուրքիայում էր:
«Հիշեք Ալիևին ոնց դիմավորեց ու ինչ հայտարարություններ արեց Էրդողանը. ասաց, որ իրենք մեկ ազգ են՝ երկու պետություն»,-ընդգծեց Թևան Պողոսյանը: