«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անվան երկրորդ ամառային դպրոցը

Նախորդ տարվա դրական փորձը հաշվի առնելով՝ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարում է իրավունքի պաշտպանության երկրորդ ամառային դպրոցի ընդունելություն։
Ամառային դպրոցն անցկացվելու է 2025 թվականի օգոստոսի 18-ից 23-ը Գոշավանքում (Տավուշի մարզ, գյուղ Գոշ): Դրա շրջանակներում մասնակիցներին գիտելիքներ ու հմտություններ կփոխանցեն իրավապաշտպանության հարուստ փորձառություն ունեցող մասնագետները։
Ամառային դպրոցին կարող են մասնակցել իրավաբանական ֆակուլտետների բակալավրիատի 3-րդ ու 4-րդ կուրսի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողները։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով։ Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 14-ը [email protected] էլ.փոստին ուղարկել ինքնակենսագրություն (CV), ինչպես նաև մոտիվացիոն նամակ (Motivation Letter)՝ առավելագույնը 800 բառ։
Դասընթացին մասնակցությունն անվճար է, իսկ տեղերը՝ խիստ սահմանափակ։ Մասնակիցներից միայն պահանջվելու է պարտավորվել առաջիկայում մասնակցել Արցախից փախստականներին կամ խոցելի այլ խմբերին անվճար իրավաբանական օգնության որևէ ծրագրի։
Ամառային դպրոցի գործընկերներն են Ամերիկայի հայ իրավաբանական միությունը (Armenian Bar Association), Ռուսաստանի հայ իրավաբանների միությունը (Ассоциация армянских юристов), և Հայ-գերմանական իրավաբանների միությունը (Deutsch-Armenischen Juristenvereinigung)։ Ծրագրի համակարգողն է իրավագիտության թեկնածու, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հավելենք, որ Ամառային դպրոցի մեր ձևաչափը, ընտանիքի համաձայնությամբ, այսուհետ կրելու է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի (1955-2025) պատվարժան անունը։