Թեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին. Աբբաս Արաղչի

Թեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե ԱՄՆ-ն միանա Իսրայելի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին։
Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Երբ պատերազմ է լինում, երկու կողմերն էլ հարձակվում են միմյանց վրա։ Սա հասկանալի է։ Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կհակադարձի, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորքերի դեմ։
Իսլամական Հանրապետության արտգործնախարարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եթե ցանկանա, կարող է մեկ հեռախոսազրույցով համոզել Իսրայելին դադարեցնել Իրանի վրա հարձակումը։
«Այս ամենին վերջ դնելու համար անհրաժեշտ է միայն Վաշինգտոնից Թել Ավիվ հեռախոսազրույց», - համոզված է Արաղչին։