Սևան քաղաքում օրը ցերեկով դաժան ծեծի են ենթարկել ոստիկանի․ Սևանի բաժնի պետը թաքցնում է

Օրերս Սևան քաղաքում միջադեպ է տեղի ունեցել ոստիկանի մասնակցությամբ։ NEWSPRESS.am-ի տեղեկություններով` Սևանի բաժանմունքի քրեականի պետը՝ Վ․Կիրակոսյանը, հենց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով ծեծի է ենթարկվել քաղաքացու կողմից, ով հայտնի է «սևանցի բաքսյոր Արո» անունով։ Աղբյուրի փոխանցմամբ` դաժան ծեծի հետևանքով կոտրվել է Վ․ Կիրակոսյանի ոտքը և ձեռքը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Մեր տեղեկություններով` դեպքի առնչությամբ հաղորդում չի տրվել ու այդ մասին չի բարձրաձայնվել։ Նույն աղբյուրի համաձայն էլ` ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վազգեն Կիրակոսյանը, դեռևս անհասկանալի պատճառներով, գործը ծածկադմփոց է արել։
Թե ինչ է տեղի ունեցել իրականում, որն է վիճաբանության առիթը և ինչու է Սևանի ոստիկանապետը ծածկադմփոց արել գործը, NEWSPRESS.am-ը փորձեց պարզել ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից, սակայն վերջինս չպատասխանեց հեռախոսազանգերին։
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ կտեղեկացնենք, երբ մեզ հաջողվի Նարեկ Սարգսյանի հետ կապ հաստատել։