ՀՀ 17 քաղաքացի Բեթղեհեմից չի կարողանում վերադառնալ. նրանցից մեկն ուռուցք ունի, դեղերն սպառվում են․ ՀՀ ԱԳՆ-ից՝ ոչ մի արձագանք

Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացի կանգնել է մեծ խնդրի առաջ։ Նրանք այժմ Բեթղեհեմում են և չեն կարողանում վերադառնալ Հայաստան՝ Իրան-Իսրայել հակամարտության պատճառով։
Քաղաքացիները, որպես զբոսաշրջիկ, Բեթղեհեմ են մեկնել հունիսի 10-ին, վերադարձը նախատեսված էր հունիսի 17-ին, սակայն հակամարտության հետևանքով նրանց Հայաստան վերադարձը հնարավոր չի կազմակերպել։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում, խնդրի առջև հայտնված 17 քաղաքացիներից Մարթա Պալոյանը նշեց, որ իրենք Բեղթեհեմից դուրս գալու ու Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեն, քանի որ շուրջը ռմբակոծություններ են, և փակ են սահմանները։
«Մեր տուրիստական կազմակերպությունը զբաղվում է մեր վերադարձի հարցով։ Արդեն դիմել է դեսպանատուն, Արտաքին գործերի նախարարություն, ինչ-որ միջոցներ են ձեռնարկում անվտանգ սահմանն անցկացնելու և Հորդանանով կամ Եգիպտոսով Հայաստան վերադարձնելու համար։ Իրենք պետք է հասկանան, թե որ ճանապարհով է ավելի անվտանգ»,- ասաց Մարթան։
Նրա խոսքով` վերադարձի համար ոչ ոք հստակ օր չի կարողանում նշել, փոխարենը տուրիստական ընկերության կողմից արվում է ամեն ինչ։
Հարցին, թե ԱԳՆ դիմելուց հետո որևէ արձագանք եղե՞լ է, նա նշեց՝ «Ասել են, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են, որպեսզի հասկանանք՝ ինչ անենք։ Ասել են՝ մոտ օրերս ինֆորմացիա կունենանք»։
Հարկ է նկատել, որ մինչ ԱԳՆ-ն «մոտ օրերին» օգնելու հույս է տալիս՝ իրավիճակը գնալով լրջանում է ու դառնում էլ ավելի վտանգավոր։
Ընդգծենք նաև, որ 17 քաղաքացուց մեկն ունի չարորակ ուռուցք, որի դեմ պայքարի համար նախատեսված դեղորայքը միայն 7 օրվա համար է վերցրել իր հետ։ Այսինքն` այս դեպքում նրա կյանքը կրկնակի վտանգի տակ է։
NEWSPRESS.am-ը փորձեց կապ հաստատել ԱԳՆ մամուլի քարտուղարի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկվում քաղաքացիների վերադարձի համար, սակայն երկու օր շարունակ մեր զանգերը մնացին անպատասխան։