Հայ և իտալացի մասնագետները նաև քննարկել են Արուճի տաճարի տեխնիկական վիճակի գնահատման և գմբեթի վերականգնման հնարավորության հարցեր

Այս ամսվանից շարունակվում են հայ-իտալական համագործակցությամբ իրականացվող հնագիտական պեղումները ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) և Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) նախաձեռնությամբ։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հաղորդմամբ, արշավախմբերը պեղումներ են իրականացնում Արուճ գյուղի միջնադարյան դղյակ-ամրոցում, ինչպես նաև Շամիրամ գյուղի ամրոցում և դամբարանադաշտում։
Արուճի ամրոցում պեղումներն իրականացվում են ՀԱԻ գիտական քարտուղար Աստղիկ Բաբաջանյանի և ISMEO-ի ներկայացուցիչ Սերջիո Ֆերդինանդի համաղեկավարությամբ։ Այստեղ պեղումները սկսվել էին դեռևս 2022 թվականին։
Դղյակ-ամրոցը թվագրվում է 12–13-րդ դարերով, սակայն հետագա դարերում ևս շարունակել է գործել։ 20-րդ դարում տարածքում կառուցվել են բնակելի տներ և այլ շինություններ, ինչը ներկայումս բարդացնում է հնագետների աշխատանքը։
ՀԱԻ գիտական քարտուղար, արշավախմբի համաղեկավար Աստղիկ Բաբաջանյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրման ու պեղումների աշխատանքները կատարվում են «Միջնադարյան ամրաշինությունը Մետաքսի ճանապարհին» ծրագրի շրջանակներում և կշարունակվեն մինչև հունիսի 23-ը։ Հայ և իտալացի մասնագետները նաև քննարկել են ամրոցի պեղված հատվածների ամրակայման, ինչպես նաև Արուճի տաճարի տեխնիկական վիճակի գնահատման և գմբեթի վերականգնման հնարավորության հարցերը։