Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից «երգում ու պարում» են

Երևանի 2800-ամյակի այգու այցելուները մայիսի 22-ից հնարավորություն կունենան ոչ միայն վայելելու այգու զովությունը, մաքուր օդն ու հաճելի մթնոլորտը, այլև լսելու և տեսնելու նոր լուսային և երաժշտական հագեցած բեմադրված ծրագիր՝ շատրվանների մասնակցությամբ։ Բեմադրությունը կլինի Երևան քաղաքի քարտեզով շատրվանների հատվածում, և այն կուղեկցվի հանրահայտ հայկական ստեղծագործություններով։ Կօգտագործվի 7 տեսակի 59 ջրաշիթ, ամենաբարձր շիթի բարձությունը կլինի 15 մետր։
Ծրագիրը կսկսվի երեկոյան ժամը 21։00-ին, կավարտվի 23։00-ին: Ծրագիրն անվճար է։ Յուրաքանչյուր մեղեդիի տևողությունը մինչև 4 րոպե է:
Բեմադրությունը կանցկացվի յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Շատրվանները վերակառուցելու, տեխնոլոգիապես համալրելու, տեխնիկապես հագեցնելու, ինչպես նաև տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար ծախսվել է 330 մլն դրամ։ Աշխատանքները տևել են 7 ամիս: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացրել են Միքայել և Կարեն Վարդանյանները:
Հերթական անակնկալը մեր բոլոր համաքաղաքացիների համար է, իսկ ծրագիրը վայելելու հնարավորությունը նաև Երևան այցելող հյուրերինն է։