Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը ինքնակամ լքել է հոգևոր ծառայության վայրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայոց հոգևոր հովիվ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, տնօրինության համար հիմք են ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի դիմումը և Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Զավեն վարդապետ Յազիչյանի՝ հոգևոր ծառայության վայրն ինքնակամ լքելու վերաբերյալ:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սարգիս Յազիչյան ավազանի անունով: