ԱՄՆ ներկայացուցիչը կմասնակցի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին. Ռուբիո

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը ներկա կլինի Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայանալիք բանակցություններին։
Այս մասին Անթալիայում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Այսօր նախատեսված բանակցությունների ձևաչափի մասին հարցին Ռուբիոն պատասխանել է, որ Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ուկրաինական պատվիրակության հետ:
«Ես կհանդիպեմ նրանց հետ։ Մեր թիմից մեկը կմասնակցի Ռուսաստանի հետ բանակցություններին։ Նրանք ուղարկել են ավելի ցածր մակարդակի խումբ», - ասել է Ռուբիոն։
«Հուսով եմ, որ այս բանակցությունները տեղի կունենան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մեր թուրք գործընկերների, ինչպես նաև մեր թիմի որոշ ներկայացուցիչների կամ անդամների ներկայությամբ՝ համապատասխան մակարդակով», - շարունակել է ԱՄՆ պետքարտուղարը։