Պետք չի հիշացնել ինձ, որ ես տղամարդ եմ, ես էլ կարող եմ ձեզ հիշեցնել, որ կին եք, էդ ինչ ասելու բան է. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին, նկատեց, որ ՀՀ ՄԻՊ-ը ոչ թե պետք է մտահոգություններ հնչեցնի, այլ կոնկրետ գնահատականներ տա կոնկրետ պետական օղակների տարած աշխատանքներին։
Դանիելյանը ընթերցեց իր անձի վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարությունը, որում ասվում էր. «Սույն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլև իր իրականացրած մնացյալ քայլերի համատեքստում առերևույթ կարող է պարունակել նաև Քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ»։
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե երբ է դատապարտվելու և արդյոք ՀՀ ՄԻՊ-ը ճիշտ է համարում, որ քաղաքական գործչի կողմից խնդիրների, քաղաքացիների բողոքների բարձրաձայնման համար նման արձագանք լինի։
ՄԻՊ տարեկան զեկույցը ներկայացնող Անահիտ Մանասյանն էլ ասաց, թե Դանիելյանը քաղաքական գործիչ լինելուց առաջ տղամարդ է և կարող էր իր կամ աշխատակցի հետ կապ հաստատեր և խնդիրը պարզել, ոչ թե հրապարակային հարցադրել, իսկ մեջբերված հայտարարությունն ինքը չի արել, այլ ՄԻՊ աշխատակազմի հայտարարության տեքստից է երևի։
«Պետք չի հիշացնել ինձ, որ ես տղամարդ եմ, ես էլ կարող եմ ձեզ հիշեցնել, որ կին եք։ Այսինքն էդ ինչ ասելու բան է՝ տղամարդ եք»,- արձագանքեց Գառնիկ Դանիելյանը:
Նա Մանասյանին հորդորեց իրեն չհամոզի, որ այդ ոլորտում իրենից շատ գիտելիք ունի, քանի որ նպատակ չունի ոլորտային հարցերում մրցելու ՄԻՊ-ի հետ։
«Դուք հրապարակային հայտարարություն եք արել՝ սպառնացել եք քրեական գործով, ես էլ ուզում եմ ձեզ հարցնել, թե որն է դրա պատճառը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը արձագանքեց՝ ասելով. «Պարոն Դանիելյան ջան, ձեր տղամարդ ընկերներն էլ ինձ են սպառնացել տարբեր բաներով՝ ոչ միայն քրեկան գործերով և ես դրա մասին հրապարակային չեմ խոսում»։
Նա հայտնեց, որ մարդկային և էթիկական տեսանկյունից չի ցանկանում հրապարակային խոսել, բայց շատ համագործակցայինէ և առանձին զրույց կունենա պատգամավորի հետ։
«Այնպես եք խոսում, որ կարծես թե դոկտորական եք պաշտպանել, թե ինչպես պետք է ՄԻՊ-ը աշխատի, դա այդպես չէ»,-եզրափակեց Մանասյանը։