Սահմանագծի երկայնքով արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով գիշերը Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական զինուժի անկանոն կրակահերթերին:
«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով», – ասաց նա։
Հիշեցնենք՝ լրագրող Ոսկան Սարգսյանն այսօր գրել էր, որ մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչներն ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։
«Մայիսի 13-ի առավոտյան, ժամը 7-անց 20-ից մինչև 7-անց 40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է, որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը», - նշել էր նա։