Տաթևն ու Որոտանի կիրճը կարող են հայտնվել Համաշխարհային ժառանգության ցանկում

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կազմակերպվել էր գիտագործնական աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը։ Ուշադրության կենտրոնում էին Տաթեւի վանական համալիրը եւ Որոտանի կիրճը՝ եզակի պատմամշակութային եւ բնական համադրություն, որը 1995 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։
Նախագիծը պատրաստվել է «ՌԵ-Դպրոց» գիտակրթական նախագծի՝ մշակութային ժառանգության պահպանման եւ վերարժեւորման ոլորտի մասնագետների կողմից։ Նախագծի գիտական ղեկավարն է Նարինե Տյուտչեւան, ICOMOS-ի անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, «ՌԵ-Դպրոց» կրթական կենտրոնի ղեկավար. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանն է ներկայացվում ոչ միայն նշանավոր ճարտարապետական հուշարձան, այլեւ ամբողջական մշակութաբնական լանդշաֆտ, որը միավորում է Տաթեւի վանական համալիրը եւ Որոտանի կիրճը։ Սա ոչ միայն ժառանգության պահպանմանն ուղղված եզակի ներդրում է, այլեւ Հայաստանի գոյաբանական անվտանգության ապահովման գործողություն, որը հաստատում է պատմական իրավահաջորդության եւ ինքնության մեր իրավունքը»։
Նախագծի շրջանակներում 2023–2024 թվականներին իրականացվել են մի շարք գիտական արշավներ եւ դաշտային հետազոտություններ, որոնց արդյունքը դարձել է օբյեկտի նախնական անվանական դոսյեն։ Առաջադրվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 7 490 հեկտար, բուֆերային գոտին՝ 20 180 հեկտար։ Համալիրի մեջ ներառվել են Տաթեւի վանական համալիրը, վանական միաբանությունները, Որոտանի կիրճը՝ նեոլիթից մինչեւ XIX դարի հնագույն բնակավայրերով, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ, գյուղատնտեսական լանդշաֆտներ, ինչպես նաեւ՝ պատմական ենթակառուցվածքներ՝ ջրամատակարարում, քարավանատներ, կամուրջներ եւ ճանապարհներ։