«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները:
Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է, իսկ մյուսը՝ օտարերկրացի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել հետիոտնի համար նախատեսված անցման վայրից մոտ 20 մետր հեռավորության վրա։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։