Մшզերիցդ քшրշ կտшմ, կuպшնեմ, «խшյտառшկ» լուսանկարներ կպատվիրենք, կուղարկենք ամուսնուդ ընկերներին. ինքնասպանության դիմած կնոջ ամուսնու քույրն ու սկեսուրը սպառնացել են NEWSPRESS.am-ի լրագրողին. ՀԱՂՈՐԴՈւՄ

Երեկ՝ մայիսի 5-ին, NEWSPRESS.am-ը հրապարակել էր մի հոդված, որով անդրադարձ էր կատարել ապրիլի 29-ին տեղի ունեցած 43-ամյա ստեփանավանցի կնոջ ինքասպանությանը:
Հրապարակման մեջ, ներկայացրել էինք հարցազրույց՝ ինքնասպանության դիմած Էդիտա Գ.-ի չափահաս դստեր՝ Մոնիկայի և Էդիտայի ընկերուհու՝ Մարինե Շ.-ի հետ:
Վերջիններս, իրենց խոսքում, նշել էին, որ Էդիտան հաճախակի է ենթարկվել կտտանքների իր սկեսուրի՝ Մելանյա Մ.-ի կողմից: Թե՛ աղջիկները, թե՛ ընկերուհին, կասկածներ ունեն, որ Էդիտայի ինքնասպանության հիմնական պատճառը սկեսուրի վերաբերմունքը և նրա համար անտանելի դարձած կյանքն է եղել:
Մասնավորապես, աղջիկների խոսքով, Մելանյա Մ.-ն Էդիտայի մասին ասել է, թե՝ «ինքնասիրություն ունենա՝ կգնա, կգցվի», «ջուր մի տվեք՝ թող սատկի»... այս և այլ արտահայտություններից բացի, եղել են նաև տհաճ իրավիճակներ և միջադեպեր, որոնց աղջիկները ականատես են եղել:
Աղջիկներն այս մասին ահազանգել են մեր խմբագրություն և խնդրել բարձրաձայնել: Նրանց մեկնաբանությունները և դիտարկումները ներկայացնելուց զատ, NEWSPRESS.am-ը պատրաստակամություն է հայտնել նաև լսելու և ներկայացնելու հակառակ կողմի՝ ասել է թե, սկեսուրի մեկնաբանությունը:
Վերջինս նամակագրությամբ կապ է հաստատել մեզ հետ, թողել հեռախոսահամար և խնդրել զանգել իրեն:
Ե՛վ կայքի հիմնադիր Արիանա Հովսեփյանը, և՛ լրագրողը խոսել են տիկնոջ հետ, լսել նրան (առկա է ձայնագրություն) և պայմանավորվել հանդիպել զրուցել, և հարկ եղած դեպքում հերքել նրա մասով ներկայացված դիտարկումները:
Ի դեպ, հանդիպման մտահղացումը եղել է Մելանյա Մ.-ինը, քանի որ վերջինս չէր ցանկանում միայն հեռախոսազրույցով ներկայացնել իր մեկնաբանությունը և ցանկանում էր հանդիպել ու ցույց տալ որոշ հաղորդագրություններ, որոնք տեղի են ունեցել իր և իր թոռների միջև:
Մենք համաձայնվել ենք հանդիպել և ամեն ինչ ներկայացնել այնպես, ինչպես նա առաջարկում է:
Դրանից մոտ 4 ժամ անց, մի կին զանգում է NEWSPRESS.am-ի լրագրողին և սկսում սպառնալ: Լրագրողը սկզբում չի հասկանում՝ ով է կինը, ինչ է խոսում և ինչ է ուզում ասած լինել: Հեռախոսի մեջ միայն նրա գոռոցն էր: Լրագրողը հարցնում է՝ ով է զանգահարողը և պահանջում ներկայանալ, սակայն վերջինս միայն գոռում է:
Ի վերջո, երբ կինն սկսում է արտաբերել «բանալի բառեր», այն է՝ «ինքնասպանություն», «սպանության հասցնել», «մեզ խայտառակել», «մորս հերքումը» և այլն, լրագրողը հասկանում է՝ զանգահարողն ինքնասպանության դիմած Էդիտայի ամուսնու քույրն է:
Կինն սկսում է սպառնալ, որ եթե հենց հիմա չհանեն նյութը, լրագրողը կհայտնվի ճաղերի հետևում: Բացի այդ, սպառնում է, որ կմտնի խմբագրություն և, մազերից քաշելով, ծեծի կենթարկի լրագրողին՝ այդ ամենը նկարահանելով և ցույց տալով, թե ով է ինքը (այս ամենը ձայնագրված է՝ առկա է ձայնագրություն):
Թեև կինը թույլ չի տվել խոսել լրագրողին, սակայն վերջինիս հաջողվել է նրա գոռոցների ընդմիջման ընթացքում ասել, որ կայքը պատրաստ էր լսել իրենց և հերքել, եթե դրա կարիքը լիներ, առկա էր հանդիպման պայմանավորվածություն, հիմա ի՞նչն է փոխվել: Գոռացող կինն ասել է. «դու ո՞վ ես, որ մենք քո հետ հանդիպենք. տիկին դատախազուհի ես, ինչ ես, թե՞ նախարարուհի ես... աղջի՛, էյ, լսո՞ւմ ես, հենց հիմա հանում ես նյութը, թե չէ ճաղերի հետևում կհայտնվես» և հնչեցրել մի շարք անհարիր վիրավորանքներ լրագրողի հասցեին:
Երբ լրագրողը հարցրել է, թե՝ ինչու են այսպես խառնվել, վախենո՞ւմ են ինչ-որ բանից. միգուցե աղջիկները ճիշտ են ասել իրենց մոր նկատմամբ վատ վերաբմունքի մասին և հերքելու ոչինչ չկա՞, կինը գոռացել է, թե՝ ինքնասիրությա՞նս ես կպչում և դարձյալ սպառնացել. «դու եթե մի քիչ խելք ունենաս, կիմանաս, որ սպանությունների մեծ մասն ինքնասիրությանը կպնելու համար է լինում ու սպանողը ներվում է»:
Լրագրողը հիշեցրել է, որ իրենց խոսակցությունը ձայնագրված է և տիկնոջ հնչեցրած սպառնալիքների, վիրավորանքների ու շանտաժների պատճառով, այն կարող է հրապարակվել, ինչին վերջինս արձագանքել է, թե՝ «գլուխդ քարին կտաս»:
Լրագրողն ասել է, որ չնայած նրան, որ հիմա սպառնալիքներ են հնչեցրել իր հասցեին և շանտաժել են, այնուամենայնիվ, պատրաստ է վերջին անգամ առաջարկել հերքել հրապարակումը, ինչին կինը ոչ միայն չի համաձայնվել, այլև սպառնացել է. «Ճաղերի հետևում կմնաս»:
Լրագրողն ասել է «ցտեսություն» և անջատել հեռախոսը: Կինը շարունակել է զանգել, սակայն նա այլևս չի պատասխանել զանգերին:
Հարկ է նկատել, որ տիկնոջ ամբողջ զրույցի ընթացքում, ժամանակ առ ժամանակ, նրան կողքից ինչ-որ մեկը հուշում էր (հավանաբար, մայրն էր):
Ի դեպ, հեռախոսի մյուս ծայրում գոռացող և անվերջ սպառնացող կինը «շանտաժ» անվանեց լրագրողի այն զգուշացումը, որ իրենց խոսակցության ձայնագրությունը կհրապարակվի:
Ուշագրավ է նաև, որ Մելանյա Մ.-ն NEWSPRESS.am-ի լրագրողի ամուսնուն գրել է ֆեյսբուքյան անձնական էջով և սպառնացել, որ եթե նա իր կնոջը չստիպի հանել նյութը, ապա կպատվիրի կնոջ «խայտառակ» նկարները և կուղարկի ամուսնու ընկերներին:
Վերոգրյալով NEWSPRESS.am-ը իրավապահ մարիմինների ուշադրությունն է հրավիրում քաղաքացու կողմից լրագրողի հանդեպ հնչեցրած սպառնալիքներին և շանտաժներին, խնդրելով հրապարակումն ընդունել որպես հաղորդում:
Ստորև ներկայացնում ենք Մելանյա Մ-ի և լրագրողի պայմանավորվածության նամակգրությունը, որից հետո եղել է հեռախոսազանգ: Առկա են նաև հեռախոսազրույցի ձայնագրությունը:






