«Գառնի» արգելոցը կդառնա «Գառնի» հնավայր

«Այսօր մեր օրենքում օգտագործվում է «արգելոց» եզրույթը, «հնավայր» եզրույթը չի օգտագործվում։ Մենք հիմա փոխարինում ենք՝ արգելոց չի օգտագործվի, կօգտագործվի՝ հնավայրը»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը։
Նա նշեց, որ իրենք հետազոտել են համաշխարհային պրակտիկան, ամենուր հնավայր է։
«Բացի դրանից, արգելոցը մի տեսակ արգելք պարունակ բառ է, իրականում ռեժիմներ պետք է ունենան, ինչպես «Խոսրովի արգելոցն» է։ Մերն այդ դեպքը չէ, հակառակն է, դրա համար գնում ենք փոփոխություն, բայց իրավական որևէ բան չի փոխվելու, զուտ հասկացությունների հստակեցում է»,- ասաց փոխնախարարը։
Ա.Քոչարյանը հստակեցրեց, որ «Խոսրովը» մնում է արգելոց։
«Խոսքը միայն մեր օրենքով նախատեսված վայրերի մասին է, օրինակ՝ Գառնիի արգելոցը կդառնա Գառնի հնավայր»,- նշեց նա։