Իսրայելը կարող է շուտով հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Իսրայելն առաջիկա ամիսներին կարող է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ինչպես նշվում է հոդվածում, Իսրայելի այս դիրքորոշումը կա չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պատրաստ չէ աջակցել նման քայլին։
Իսրայելի պաշտոնյաները խոստացել են թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ Իրանի հետ ցանկացած բանակցություն պետք է հանգեցնի նրա միջուկային ծրագրի ամբողջական ապամոնտաժմանը:
Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտպանել են իրանական օբյեկտներին ռազմական հարված հասցնելու գաղափարը, որը կարող է կապված լինել միջուկային զենքի մշակման հետ։