Հայաստանում արձանագրվել է անտառային հրդեհների աճ, անհրաժեշտ են միասնական ջանքեր․ Ցուցուլյան

Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ:
Ներկայացվել են վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է անտառային հրդեհների աճ։
Փրկարար ծառայության տնօրենը, վերլուծելով ստեղծված իրավիճակն, առաջարկել է հասցեական լուծումներ, որոնք դարձել են ընդհանուր քննարկման առարկա։ Կամո Ցուցուլյանը հատկապես կարևորել է համատեղ շրջայցերի միջոցով անտառամերձ տարածքներում բնակվողների հետ բացատրական, կանխարգելիչ միջոցառումների պարբերական իրականացումը։ Այս համատեքստում՝ մասնակիցները պայմանավորվել են համատեղ իրականացնել հանրային իրազեկման արշավներ ոչ միայն բնակչության հետ անմիջական շփումների, այլև զանգվածային լրատվության միջոցներով։
Կամո Ցուցուլյանն անդրադարձել է նաև կամավորական խմբերի աշխատանքին և, առհասարակ, միջազգային գործընկերների աջակցությամբ մեր երկրում այդ մշակույթի զարգացմանը վերաբերող հարցերի՝ շեշտելով, որ կամավորական խմբերի արագ արձագանքումը ևս կարող է նպաստել անտառային հրդեհների տարածումը կանխելուն։
Բարձրացվել են գործնականում պատահող խնդիրներ, որոնց արդյունավետ լուծման ուղիները կանխորոշվել են համատեղ քննարկմամբ՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների դիտարկումների արդյունքում։