Հակակոռուպցիոն կոմիտեում կադրային ջարդը մեկնարկեց․ Կոմիտեի նախագահի տեղակալը ազատման դիմում է գրել

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կադրային ջարդ է մեկնարկել։ Քիչ առաջ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը։
Այսքանով ամեն բան չի ավարտվում։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Արշալույսները խաղաղ չեն ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում։ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանը կադրային ջարդ է սկսելու: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեում շատերը կա՛մ սպասում են sms-ի, կա՛մ Արթուր Նահապետյանի հետ հանդիպման, որ հասկանան՝ իրենց հետագա ճակատագիրն ինչպես կառուցեն։
Չի բացառվում, որ կադրային ջարդը սկսվի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալներից:
Հիշեցնենք, որ մարտի 20-ի ՀՀ Կառավարության նիստի ժամանակ Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնում Նահապետյանի թեկնածությունը գործադիրին առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ թեկնածուն զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը»: