Իրանը ոչ մի դեպքում չի համաձայնի իր միջուկային ծրագրի ամբողջական կրճատմանը. Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ ասել է, որ Թեհրանը չի համաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին թույլ տալ մուտք գործել միջուկային օբյեկտներ։
Այս մասին հայտնում է Tehran Times թերթը՝ հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա։
Ըստ հրապարակման՝ բանակցությունների ընթացքում կողմերը փոխանակել են շուրջ 10 գրավոր հաղորդագրություն։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը ոչ մի դեպքում չի համաձայնի իր միջուկային ծրագրի ամբողջական կրճատմանը, սակայն պարզաբանել է, որ ՄԱԳԱՏԷ-ն միակ կազմակերպությունն է լինելու, որին կտրամադրվի մուտք դեպի Թեհրանի միջուկային օբյեկտներ։
Ինչպես նշում է թերթը, իրանական պատվիրակության ուղերձներում նշվում էր, որ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է ընդհանուր համաձայնության գալ, և եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի առաջարկը, հաջորդ հանդիպման ժամանակ Իրանը ԱՄՆ-ից այլընտրանքային տեսլական կակնկալի։