10 տարի նպաստ ենք վճարում 10 հազար ընտանիքի, բա էդ հացի համար ո՞վ է վճարելու. Փաշինյան

Մարդը չի կարող ապրել առանց հացի, հացի կարևորությունը ոչ ոք չի կարող թերագնահատել, իսկ կա՞ն արդյոք Հայաստանում ընտանիքներ, որոնք հաց չունեն հենց հիմա, հենց այսօր, ցավոքլ կան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչ անենք, ուրեմն, մի՞թե մենք կարող ենք անտարբեր լինել այդ մարդկանց նկատմամբ, չենք կարող։ Եկեք, ուրեմն, գնանք և հաց տանք նրանց։ Այսօր տվեցինք հացը, վաղը գնանք, տեսնենք, թե ինչ է փոխվել նրանց կյանքում։ Կտեսնենք մի բան, որ վաղը նույնպես նրանք չունեն այդ հացը: Վաղը եկեք նորից տանենք, հաց տանք նրանց։ Երրորդ օրը եկեք գնանք, տեսնենք` ինչ փոխվեց նրանց կյանքում։ Կտեսնենք, որ նրանք կրկին հաց չունեն։ Երրորդ օրը նույնպես տանենք հաց տանք, չորրորդ օրը գնանք, տեսնենք, թե ինչ վիճակում են նրանք, կտեսնենք, որ նրանք էլի հաց չունեն: Նույնը կկրկնվի հինգերորդ օրը, վեցերորդ օրը, առաջին ամիսը, վեցերորդ ամիսը, առաջին տարին, վեցերորդ տարին, 10-րդ տարին, և սա երևում է նաև պաշտոնական վիճակագրությամբ։ Ավելի քան 10,000 ընտանիք Հայաստանում 10 և ավելի տարի անապահովության նպաստ են ստանում։
Շատ լավ, հաջորդ հարցը, բա այդ հացի համար ո՞վ է վճարում։ Մենք չենք ուզում հարկ տանք, ո՞վ է վճարում այդ հացը: 10 տարի լավ թե վատ այդ մարդկանց ինչ-որ հաց ենք հասցրել, և ի՞նչ ենք փոխել այդ մարդկանց կյանքում։ Ընդամենը մի բան, մենք ընդամենը 10 տարի նվաստացրել ենք այդ մարդկանց, իրենց դարձրել ենք կախյալ և աղքատությունը նրանց համար պետական մակարդակով դարձրել ենք մտածողություն, ապրելակերպ, հոգեբանություն և նրանց երեխաներին դատապարտել ենք աղքատ լինելու ճակատագրին»,- հայտարարեց Փաշինյանը: