Գյումրին ինձ համար հարազատ քաղաք է, չեմ ուզենա, որ ժողովրդի մեջքը կոտրվի․ Ասլանյան

Մամիկոն Ասլանյանը, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, իր եկել է իր աջակցությունը հայտնելու Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանին ու նրա թիմին։ Հիշեցնենք, որ նա Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթելուց հետո, հայտնվեց անազատության մեջ։
Նրա կարծիքով Վանաձորում, Ալավերդիում, Գյումրիում իշխանությունների գործողությունները միտված են ՏԻՄ ընտրությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունք սերմանելուն, ՏԻՄ-ին իշխանության, կառավարության կցորդ դաձնելուն։
«Եթե մենք հաշվի առնենք այն պարտավորությունները, եվրոպական խարտիաներն ու ՏԻՄ-ի նկատմամբ տեղի ունեցող ռեպրեսիվ գործողությունները, ապա դրանք որևէ կերպ համադրելի չեն։ Արդեն տարիներ շարունակ ՏԻՄ-ի նկատմամբ իրականացվում է մի գավառամտությամբ զուգորդված, ապօրինություններով համեմված ձեռագիր, որը միօտված է ՏԻՄ-ի, դրանց ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վստահության նվազեցմանը»,-ասաց Ասլանյանը։
Նա չի կարող կանխագուշակել, թե ինչ կանի Գյումրիում իշխանույթունը, բայց վստահ է, որ այն վատն է լինելու։ Ամեն դեպքում կարծում է, որ Գյումրիում կիրակի տեղի ունենալիք ընտրությունների արդյունքում ընդդիմադիր ուժերը, հավաքական առումով, ավելի մեծ թվով ձայներ կստանան։
«Թե դա ինչքանով կնյութականանա ավագանու մեջ, չեմ կարող ասել, քանի որ ես այս իշխանությունների մոտ նկատում եմ մոլուցք ամեն գնով կառավարման ղեկը խլելու՝ շատ բիրտ ու ապօրինի մեթոդներով։ Գյումրին ինձ համար հարազատ քաղաք է, չեմ ուզենա, որ ժողովրդի մեջքը կոտրվի, ինչպես եղավ Վանաձորում»,-ասաց Ասլանյանը։