Սևծովյան համաձայնագիրը Պուտինի հաղթանակն է. The Times

Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված առաջին համաձայնագիրը Մոսկվային ավելի շատ օգուտներ է բերում:
Այս մասին գրում է The Times-ը:
Հրատարակությունը նշում է, որ Ռուսաստանն ավելի շատ առավելություններ է ստանում, քան Ուկրաինան՝ շնորհիվ Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցման պայմանագրի և էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների հնարավոր արգելքի։
Սակայն ակտիվ ռազմական գործողություններն այս տարածաշրջանում դադարեցվել են դեռևս 2023 թվականին, երբ ռուսական նավատորմը կորուստներ կրեց և ստիպված եղավ նահանջել Ղրիմից ուկրաինական մի շարք հաջող հարձակումներից հետո։ Սևծովյան նավատորմի նահանջից հետո Ուկրաինան կարողացավ հացահատիկի արտահանումը հաստատել, ուստի հայտարարված զինադադարը, հավանաբար, ավելի ձեռնտու կլինի ռուսական նավերին, նշում է հրատարակությունը։
«Ուկրաինան բավականին հաջողակ է ապահովելու իր հացահատիկային միջանցքի անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մշտապես հարձակվում է Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստների վրա, և այդ մասին համաձայնագրում ոչինչ չկա», - Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերխի Լեշչենկոն։
Նա նաև մեղադրել է Սպիտակ տանը Ռուսաստանից «որևէ զիջում» չկորզելու մեջ՝ գյուղմթերքների և պարարտանյութերի արտահանումը վերականգնելու հնարավորության դիմաց։
Եթե հիմա Մոսկվան ստանա նման զիջումներ, դա կմեկնաբանվի որպես Պուտինի մեծ հաղթանակ և նախադեպ կստեղծի պատժամիջոցների հետագա թուլացման համար։ Սպիտակ տունը հայտարարել է, որ համաձայնագիրը կընդլայնի Ռուսաստանի հասանելիությունը միջազգային ֆինանսական համակարգերին, սակայն չի հստակեցրել՝ արդյոք խոսքը կոնկրետ Swift-ի մասին է:
Դեռևս նշաններ չկան, որ Կրեմլն իսկապես պատրաստվում է խաղաղության։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ճեղքում ակնկալել պետք չէ, իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զառանցանք է անվանել այն ենթադրությունը, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները մոտ ապագայում կավարտվեն։