Վերջին օրերին ադրբեջանական ապատեղեկատվությունների ֆոնին կարևոր է Վաշինգտոնից արձանագրումը՝ էսկալացիայի ցանկացած ձև անընդունելի է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցի վերաբերյալ ամերիկյան կողմի տարածած պաշտոնական համառոտ հաղորդագրության մեջ բավականին կարեւոր եւ ուշագրավ է ձեւակերպումը, որ՝ «պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած ձեւի էսկալացիա անընդունելի է»:
Հասկանալի է, որ հատկապես վերջին օրերին ադրբեջանական ապատեղեկատվությունների, նաեւ ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող կրակոցների, եւ, իհարկե, նաեւ ընդհանուր աշխարհաքաղաքական իրադրության ֆոնին, որից բխող ռիսկերի մասին ես անցնող երկու-երեք շաբաթներին խոսել եմ եւ խոսում եմ պարբերաբար, շատ կարեւոր է Վաշինգտոնից այդպիսի արձանագրումը՝ էսկալացիայի ցանկացած ձեւ անընդունելի է:
Իհարկե, Վաշինգտոնից հնչող այդ արձանագրումը դեռ բոլորովին չի նշանակում աներկբա ու աներեր սահմանում, որովհետեւ գործոնները շատ են, բազմաշերտ, բազմազան, եւ այստեղ որեւէ մեկ բեվեռի դիրքորոշումը միշտ քիչ է եղել եւ քիչ է՝ իրավիճակ կանխորոշելու համար: Բայց, կրկնեմ, կարեւոր է, եթե Վաշինգտոնը լինի, այսպես ասած, կայունության դիրքում:
Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք, որը, գուցե, դետալ է, բայց համենայն դեպս գրավում է ուշադրություն: Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ չի խոսվում այն մասին, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարեւոր են համարել ռեգիոնում կայունությունը, կամ անթույլատրելի են համարել ապակայունացումը:
Կառավարության տարածած հաղորդագրության մեջ չկա այդ մասին որեւէ խոսք: Թեեւ, թվում է, որ Հայաստանը պետք է շահագրգռված լիներ արտահայտել Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցում ռեգիոնալ կայունության մասին համակարծիք լինելու հանգամանքը, հաշվի առնելով ավելի վերեւում նշածս գործոնները»: