Պահանջում ենք՝ Արայիկ Հարությունյանը իջնի, թղթի վրա ժամկետ ասի

Վարդաշենի հանրակացարանի 68ա և 66/1 շենքերի բնակիչները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայից ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո երթով շարժվեցին կառավարության շենք եւ ակցիան շարունակեցին կառավարության դիմաց։
Քաղաքապետարանում նրանց գլխի տակ փափուկ բարձ են դրել և հորդորել սպասել, համբերել։ Վարդաշենցիներն էլ, տեսնելով, որ հստակ պատասխան չկա, որոշել են դիմել կառավարությանը։
«Տեսնենք՝ կառավարությունն ինչ է ասելու: Մարդու տնից կոյուղաջուրը գնում է: Ոչ մի երկու ամիս, գնում ենք կառավարություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանք պահանջում են հանդիպում՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
«Մենք հիմա պահանջում ենք աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին թող իջնի, քանի որ քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ նամակ են ուղղել աշխատակազմի ղեկավարին։ Քաղաքապետարանից մեզ ասում են՝ համբերեք, սպասեք, գումարի չափը մեծ է։ Մենք ուզում ենք իրավական հիմք ունենանք։ Իրենք թող գրավոր մեզ թղթի վրա ներկայացնեն, թե իրենք ինչ ժամկետներ են մեզ ասում: Գրավոր հիմք ունենա, որ հաջորդ անգամ չասեն՝ նման բան չի եղել»,-ասացին մասնակիցները:
Առայժմ նրանց ոչ ոք չի հանդիպել։