Պայմանագրով լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ, որ հարձակում չի լինի․ ԱԳ փոխնախարար

Արտաքին գործերի փոխնախարարը վստահ չէ, որ Խաղաղության պայմանագրով Ադրբեջանի կողմից հարձակում չի լինի։
«Իհարկե, լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ, բայց մենք պետք է անենք այն հնարավորը, որպեսզի նվազեցնենք այդ ռիսկերը»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Պարույր Հովհաննիսյանը։
Նկատենք, որ այս մասին ասել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս չի հերքել, որ հնարավոր է՝ պայմանագիրը կնքվի, բայց հետո կրկին Ադրբեջանը հարձակվի:
Ստաացվում է՝ երկրի ղեկավար կազմը թեև վստահ չէ, որ պայմանագիրը լիրաժեք խաղաղություն կբերի, բայց, ինչպես ասում են, բոպիկ ոտքերով, ջուրն են նետվում ու կառչում փրփուրներից։
ԱԳ փոխնախարարն ուզում է հավատըալ, որ խաղաղության պայմանագիրը գոնե կնվազեցնի Ադրբեջանի կողմից հարձակման ռիսկը։ Դրանից բացի, նրա հույսը միջազգային հանրությունն է։ Թեև բոլորս ենք հիշում, թե ինչ անտարբերություն ցուցաբերեց այդ հանրությունը թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ Արցախի հանձնման, թե՛ հիմա՝, երբ հայ գերիների վերադարձի խնդիր կա, բայց ՀՀ փոխարտգործնախարարը հույսը չի կտրում։ Նրան ոգևորել է խաղաղության պայմանագրի հետ կապված տարբեր երկրների ղեկավարների հայտարարությունները։
«Մեր հայտարարությունը, որ ավարտել ենք բանակցությունները տեքստի շուրջ, տեսեք՝ ինչ հայտարարություններ առաջացրեց ամենատարբեր երկրներից։ Այսինքն այստեղ պետք է նայենք, թե ինչքանով մենք կարող ենք նվազեցնել նման ռիսկերը»,-ասաց նա՝ այդպես էլ հստակ չպատասխանելով, թե՝ որտեղի՞ց նրան այդչափ վստահություն, եթե անգամ միջազգային երաշխիքներ չեն տրվելու․ «Կարևւորագույն երաշխավորողը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, և մենք տեսանք, որ բանակցությունների ավարտը ողջունեցին ՄԱԿ-ի ԱԽ բոլոր հինգ մշտական անդամները»,-ասաց նա։
Այլ կերպ ասած, փոխարտգործնախարարը չի ուզում ընդունել՝ ողջույնը դեռ գործնական քայլեր չեն։ Ու այս պարագայում, ինչպես փորձը ցույվց է տալիս, որ կարևորագույնը ո՛չ թե ՄԱԿ-ի ողջույններն են, այլ Ադրբեջանից հնչող շարունակական սպառնալիքները, որոնք կասկած չեն թողնում՝ լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ, որ հարձակում չի լինի։
Արմինե Մկրտումյան